Լուրեր
«Հաջողությունների ուղով հնարավոր է գնալ միասնաբար, երբ յուրաքանչյուրը կարևորում է սեփական քվեն». ՀՀԿ նախագահ
20.04.2012
Հայաստանը հաղթել է անհավասար պատերազմում, իսկ այժմ ժամանակն է պատերազմ հայտարարել մեր թերություններին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 20-ին Աշտարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Աշտարակցիներն աշխատասեր ու արդար մարդիկ են: Ես, ցավոք, չեմ ճանաչում անուն առ անուն բոլոր այս քաղաքի այն բնակիչներին, ովքեր նշանակալի դեր են ունեցել մեր պետության կայացման գործում, սակայն, նայելով ձեր աչքերին, հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսին լինել»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների կարևորության մասին` ՀՀԿ նախագահը վստահեցրեց, որ դրանում կարևորվում է բոլորի մասնակցությունը, և հաջողությունների ուղով հնարավոր է գնալ միայն միասնաբար, երբ յուրաքանչյուրը կարևորում է սեփական քվեն:
«Պետք է հավատալ փոփոխությունների հնարավորությանը, պետք է հավատալ, եթե ցանկանում են փոխել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ առաջնորդը Արագածոտնի մարզ քարոզարշավի ընթացքում եղավ նաև Թալին քաղաքում, որի կենտրոնական հրապարակում հանդիպեց տեղի բնակիչների հետ:
Սերժ Սարգսյանն ընդգծեց ժամանակի թելադրանքով պարտադրված նորամուծությունների հասանելիության ապահովումը Հայաստանի բոլոր մարզերի համար: «Բջջային կապ, համացանց` դրանք ծառայություններ են, որոնք կարևոր են ժամանակակից հասարակությունում, և պետք է հասանելի լինեն բոլորի համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Կարևոր համարելով գյուղատնտեսության դերը Հայաստանում տնտեսության մեջ` ՀՀԿ առաջնորդը վստահեցրեց, որ գյուղացին չպետք է հիասթափվի ու հրաժարվի սեփական հողից:
«Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր «քարը հող են սարքել» ու այժմ հարկավոր է այդ հողը մշակել: Ինչ սարսափելի բարդություններով է անցել հայ գյուղացին. մենք կատարելու ենք փոփոխություններ, որոնց շնորհիվ ստեղծվելու են արդյունավետ իրավական նորմեր ու պայմաններ անասնապահությամբ ու մշակաբույսերի բուծմամբ զբաղվելու համար»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: