Լուրեր
ՀՀ Նախագահն այցելեց Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
20.04.2012
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընթացքում եղավ Արագածավան համայնքի բարեկագված թիվ 2 միջնակարգ դպրոց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում 2011 թվականի ընթացքում վերանորոգվել է դպրոցի նիստերի դահլիճը, ուսումնական երկու մասնաշենքերը և 7-րդ մասնաշենքը (ճաշարան, սպորտդահլիճ):
Լրագրողների հետ ճեպազրույցում թիվ 2 դպրոցի տնօրեն Տեր Մարտիրոսյանը նշեց, որ դպրոցը բացվել է 1980 թվականին և այդ օրվանից երբեք չէր նորոգվել:
«Մինչ այս, դպրոցը կիսավեր էր: Մեր չորս մասնաշենքներն էլ վերանորոգվել են: Ցավոք, դեռևս չի լուծվել կահավորման խնդիրը, քանի որ գույքը շատ հին է: Միաժամանակ կատարվել են շինարարական աշխատանքները, ստեղծվել են հարմարավետ աշխատանքի բոլոր հնարավորությունները»,- ընդգծեց Տեր Մարտիրոսյանը:
Հիմնանորոգման և տարածքի բարեկարգման համար հատկացվել է շուրջ 160 մլն դրամ: Մարզպետարանի նախնական գնահատականներով` դպրոցի երեք մասնաշենքերի հիմնանորոգման ու տարածքի բարեկագման համար անհրաժեշտ է ևս 150 մլն դրամ: Դպրոցն ունի մոտ 500 աշակերտ: