Լուրեր

ՀՀ ԱԺ ընտրություններին կհետեւեն նաև Միջազգային ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի դիտորդները

19.04.2012

Միջազգային ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են փորձագետներ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Իսրայելից: Առաքելության կազմում ընդգրկված են նաև տարբեր եվրոպական երկրների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքագետներ, իրավաբաններ և լրագրողներ, ովքեր ընտրությունների դիտարկման մեծ փորձ ունեն: Առաքելությունը գլխավորելու է կենտրոնի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների գծով տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:

Ընտրությունների օրը կենտրոնի ներկայացուցիչները լինելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մի շարք այլ մարզկենտրոններում: «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի ընտրական օրենսդրությունը և ապրիլի 8-ից իրականացնում հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգ»,- նշել է Ցինկերը: Դիտարկման արդյունքները պատվիրակությունը կներկայացնի մայիսի 7-ին Երևանում կայանալիք ասուլիսի ընթացքում:

Միջազգային ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է դեռևս 2005 թ-ից: 

← Վերադառնալ ցուցակին