Լուրեր

ՄԻԵԴ որոշումը Հայոց ցեղասպանության հարցում օրինակ հանդիսանալու հնարավորությունն անհանգստացրել է Թուրքիային

19.04.2012

Խատինի կոտորածը դատապարտելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդունած որոշումը Հայոց ցեղասպանության հարցում օրինակ հանդիսանալու հնարավորությունն անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: ՄԻԵԴ-ը որոշել է, որ անկախ այն բանից, թե երբ է տեղի ունեցել այն, պետությունը պատասխանատվություն է կրում կոտորածի համար, եւ անհրաժեշտ է հետաքննություններում բացահայտել իրականությունը, քանի որ կոտորածի ժամանակ հարազատներին կորցրած մարդկանց համար այն ընկալվում է որպես «մարդկության դեմ հանցագործություն»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» թերթն այդ կապակցությամբ գրում է, որ չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել Թունջելիում (Դերսիմ) 1938-1939 թթ-երին թուրքական պետության կողմից քրդերի, հայերի, ալավիների եւ ասորիների դեմ իրագործված կոտորածի համար` թուրքական դատարանների` «ապստամբության ճնշումը հանցագործություն չէ, եթե հանցագործություն էլ է` ժամանակավրեպ է» որոշումների պատճառով կոտորածից տուժած դերսիմցիները դիմել են ՄԻԵԴ:

Թերթը գտնում է, որ եթե ՄԻԵԴ-ը Խատինի գործով դրած չափանիշները տարածի նաեւ Դերսիմի համար, ապա այն կարող է օրինակ դառնալ 1915 թ-ի հայկական ջարդերից տուժածների համար եւս:

«Հուրիեթ»-ի հետ զրույցում Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի մարդու իրավունքների կենտրոնի դասախոս Քերեմ Ալթըփարմաքն ասել է, որ ՄԻԵԴ որոշումը Դերսիմի իրադարձությունների գլխավորությամբ օրինակ է հանդիսանում ոչ վաղ անցյալում մայիսի 1-ի, մարտի 16-ի, Մարաշի, Սվազի եւ Չորումի կոտորածների պատճառով բացվելիք դատական գործերի համար եւս Թուրքիային դատապարտելու համար: Նրա խոսքով` ՄԻԵԴ-ը կարող է նման որոշում ընդունել նաեւ 1915 թ-ի իրադարձությունների ժամանակ կյանքը կորցրած հայի ընտանիքի անդամի կողմից դատական գործ հարուցվելու դեպքում: 

← Վերադառնալ ցուցակին