Լուրեր

Երեւանը պատրաստ է ստանձնելու Գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր կոչումը

19.04.2012

«Երեւանը` համաշխարհային գրքի մայրաքաղաք» ծրագրի մեկնարկին հաշված օրեր են մնացել. ամբողջ Հանրապետությունում տոնական մթնոլորտը ապահովված կլինի:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամբողջ տարվա ընթացքում հանրապետության Նախագահի ղեկավարած հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս կանցկացվեն գրավոր մշակույթի արժեւորմանը նվիրված միջոցառումներ: Իսկ ապրիլի 20-23-ը Երեւանում տեղի ունեցող միջոցառումները տոնական հանդիսությունների բարձրակետը կլինեն:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց միջոցառումների պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, հատկանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին խորհրդանշորեն դարձավ աշխարհի գրքի այն 12 քաղաքներից մեկը, որոնց վստահվել է Գրքի մայրաքաղաք հռչակվելու պատիվն ու պատասխանատվությունը: «Կարծում եմ այս ձեռքբերումը պատիվ կբերեր յուրաքանչյուր ժողովրդի, երկրի, որովհետեւ այդ տիտղոսը իրոք պատվաբեր է եւ պարտավորեցնող»,- ասաց նա:

Միջոցառումները կազմակերպելիս եւ ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դրանք չլինեն լոկալ, չլինեն միայն մեր հանրության համար, դառնան միջազգային եւ առիթ լինի մեր մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնելու:

«Սկզբում բոլորը թերահավատ էին, կարծում էին որ Երեւանը շանսեր չունի, սակայն հենց դա մեր հաղթանակը դարձրեց ավելի պատվաբեր եւ խթան հանդիսացավ»,- շեշտեց նա: Ապրիլի 22-ին Երեւանը պատշտոնապես ստանալու ենք տիտղոսը Բուենոս Այրեսից, որը 2011 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաքն է: Դա լինելու է միջոցառումների կիզակետը: Քաղաքում լինելու է ինտենսիվ ծրագիր, սպասվում են մեծ անակնկալներ: 2001 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Գրավաճառների միջազգային դաշնությունը, Հրատարակիչների միջազգային ասոցիացիան եւ Գրադարանային ասոցացիաների միջազգային դաշնությունն ամեն տարի 1 տարով ընտրում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հեղինակային իրավունքի եւ գրքի միջազգային օրը` ապրիլի 23-ին, ավանդաբար տիտղոսը փոխանցվում է հաջորդ մայրաքաղաքին:  

← Վերադառնալ ցուցակին