Լուրեր

Կներկայացվի Հայաստանի մասին աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն եւ բազմալեզու գրականություն

19.04.2012

«Երեւանը` համաշխարհային գրքի մայրաքաղաք» նախագծի շրջանակներում կներկայացվի Հայաստանի մասին աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն եւ բազմալեզու գրականություն: «ArmBookExpo»-ն կբացվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում` ապրիլի 21-ին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով` արդեն հավաքագրված է 1800 անուն գիրք, սակայն դա վերջնական թիվը չէ: «Գաֆէսճեան» կենտրոնի բոլոր սրահներում ու հարթակներում կանցկացվեն գրքին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ, ֆիլմերի, գրքերի` Անտոնիա Արսլանի «Զմյուռնիայի ճանապարհին», Վարուժան Ոսկանյանի «Շշուկների գիրքը» եւ այլ հրատարակությունների շնորհանդեսներ:

Հայ գրերի խորհուրդը կներկայացվի թռչնագիր տառերի պատկերով, հայոց տառերը` մետաքսագրությամբ: Կանցկացվեն դասախոսություններ, որոնց թվում Սերգեյ Մերկուրովի ստեղծագործական գաղտնի էջերը կներկայացնի քանդակագործի թոռը` Անտոն Մերկուրովը: «Հայ արվեստի վարպետներ եւ գանձեր» շարքից Արշակ Ֆեթվեճյանին կներկայացնի Լեւոն Չուքասզյանը: Առանձին ցուցադրությամբ կներկայացվեն նաեւ երեք` «Սասունցի Դավիթ», «Վիլյամ Սարոյան» եւ «Սայաթ-Նովա» խորագրերով նախագծերը: Կասկադի արտաքին հարթակներում եւ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կանցկացվեն բացօթյա ընթերցումներ, քննարկումներ, թեմատիկ նկարչություն:  

← Վերադառնալ ցուցակին