Լուրեր
«Ոչինչ չի կարող խոչընդոտել ՀՀԿ-ին ապահովելու Հայաստանի զարգացումը». Սերժ Սարգսյան
18.04.2012
Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին Վայոց Ձորի մարզում հանրապետական կուսակցության քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Վայք քաղաքի բնակիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն մեծ պատիվ է համարում լինել Վայքում ու ներկայացնել Հայաստանի մարզերի խնդիրների լուծման առաջիկա հինգ տարիների համար նախատեսված ծրագիրը:
«Այստեղ ենք, որպեսզի կարողանանք այս հողում ներկայացնել մեր անելիքները: Մեր ծրագրերը երկարաժամկետ են ու ունեն հեռահար նպատակներ: Հայաստանն ու տեղի համայնքները զարգացնելու ենք բազմակողմանի, ընդ որում մենք արդեն ունենք հստակ արդյունքներ»,- ասաց ՀՀԿ առաջնորդը` որպես հիմնական նպատակ ներկայացնելով գործարար միջավայրի բարելավումը, որը թույլ կտա դրական արդյունքներ գրանցել երկրի սոցիալ-տնտեսական վիճակում:
«Ընդհանուր հաջողության ու բարելավման ուղին շատ բարդ, սակայն ճիշտ ճանապարհ է: ՀՀԿ-ն ունի համոզմունք ու չի կարող գտնվել որևէ խոչընդոտ, որ մեզ կխանգարի ապահովելու Հայաստանի զարգացումը: Մենք գնում են խառը ոլորաններով, որտեղ պետք է մոռանանք խոհանոցային խնդիրները: Դրանց կենցաղային են ու լուծելի»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Իր խոսքում ՀՀԿ առաջնորդը նաև վստահեցրեց, որ հասարակության առողջացման համար հարկավոր է նմանվել մեղուներին: «Մենք մեղուների նման հավասար հնարավորություններով պետություն պետք է կառուցենք, որտեղ մեզանից յուրաքանչյուրը կիմանա իր տեղն այս հասարակությունում»,- ամփոփեց Սերժ Սարգսյանը: