Լուրեր
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի և ԵՄ-ի դիրքորոշումները համընկնում են
18.04.2012
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն ու երկու երկրների սահմանները պետք է բացվեն առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող զեկույցում: Հանձնաժողովին զեկույցը ներկայացրել էր Հայաստանի հարցով զեկուցող, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբան: Զեկույցը կոչ է անում Եվրոպական խորհրդին, Հանձնաժողովին և Արտաքին գործերի եվրոպական ծառայությանն ընդգծել է 2009թ-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:
«Անընդունելի է շարունակաբար փակ սահմաններ ունենալ երկու երկրների միջև, որոնցից մեկը ձգտում է ԵՄ-ին անդամակցությանը, իսկ մյուսը Միության հետ ասոցացման»,- նշվում է զեկույցում: Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և մյուս հարևանների հետ հարաբերություններին, մասնավորապես ընդգծվում է Իրանի հետ հարաբերություններում ԵՄ-ի քաղաքական ուղեգծի հետ համապատասխանեցման անհրաժեշտությունը: