Լուրեր

«Տարաձայնություններն ու բանավեճը թշնամանքի պատճառ չեն կարող լինել». Սերժ Սարգսյան

17.04.2012

Մենք պետք է հիշենք, որ տարաձայնություններն ու բանավեճը թշնամանքի պատճառ չեն կարող լինել, մենք չպետք է իրար դեմ կանգնենք, իսկ եթե կանգնենք էլ` ապա միայն թշնամու դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին հանդես եկավ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ` վստահեցնելով, որ արտաքին աշխարհում իր դեմ թշնամանք քարոզողների պակաս երբեք հայ ժողովուրդը չի զգացել, ու մենք չպետք է թշնամանանք մեր մեջ:

«Մենք մեր հիմնական աշխատանքներն ուղղելու ենք դեպի մարզերը: Մենք այժմ հնարավորություն ունենք մեր ուշադրությունը սևեռել հանրապեության յուրաքանչյուր քաղաքացու վրա: Մենք ստեղծելու ենք համապատասխան գործարար միջավայր ու դա կապում ենք հարմարավետ գյուղի գաղափարի հետ: Մեր ճանապարհը շատ դժվար է ու պետք է առաջ գնանք «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» կարգախոսով»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Խոսելով անցած տարիների ընթացքում իրականացված աշխատանքի մասին` ՀՀԿ առաջնորդը հավաստիացրեց, որ իրենց հաջողվել է բարձրացնել ընտանեկան նպաստը, իր հերթին երեխաների խնամքի համար նախատեսվող նպաստը բարձրացվել է 7 անգամ, իսկ երրորդ ու ամեն հաջորդ երեխայի համար սոցիալական նպաստը` 12 անգամ:

Սիսիանից հետո ՀՀԿ առաջնորդը մեկնեց Գորհայք համայնք, որտեղ հանդիպեց ու զրուցեց տեղի ու հարևան համայնքների բնակիչների հետ:

← Վերադառնալ ցուցակին