Լուրեր

ՀՀ Նախագահը Գորիսում այցելեց «Սոցիալական տուն» ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակ

17.04.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 17-ին եղավ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Գորիսի «Սոցիալական տուն» ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախորդ տարվանից սկսվել եւ այս տարի շարունակվում է «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի հիմնական «Գորիս-2» փուլը:

Լրագրողների հետ ճեպազրույցում շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրեն Վարդան Միրզոյանը նշեց, որ շենքում լինելու են 1, 2 և 3 սենյականոց ընդհանուր 20 բնակարաններ, որոնք ամբողջությամբ կլինեն կահավորված:

«Բնակարանները նախատեսված են անապահով խավի համար: Բնակարաններում կլինի սանհանգույց, խոհանոց, և ընտանիքը կկարողանա պարզապես ստանալ բանալիները և նշել բնակարանամուտը»,- ասաց նա` հավելելով, որ շինարարական աշխատանքները կշարունակվեն մինչեւ այս տարվա հուլիս ամսվա վերջ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 183 մլն դրամ: Գորիսում սոցիալական բնակարանների իրականացման ծրագիրը սկսվել է դեռ 2005 թ-ին: Այդ ժամանակ իրականացվեց «Գորիս-1» պիլոտային ծրագիրը, որի արդյունքում կառուցվել են 2 երկհարկանի սոցիալական տներ` 13 բնակարաններով, որոնք բնակեցվել են հիմնականում փախստականներով եւ համայնքի սոցիալապես խիստ անապահով ընտանիքներով:

Ծրագրի խնդիրն է լուծել համայնքի սոցիալապես խիստ անապահով շահառուների բնակարանային խնդիրները` տրամադրելով նրանց բնակարաններ երկարաժամկետ բնակվելու նպատակով:

Այս տարի «Գորիս-2» ծրագրով կառուցվում է մեկ եռահարկ շենք, որն ունենալու է 20 բնակարան, ժամանցի ընդհանուր սենյակ եւ նկուղային տարածք: Շահառուների ընտրության հարցում առաջնահերթությունը տրվում է ժամանակավոր տնակ-կացարաններում բնակվող ընտանիքներին` ելնելով նախօրոք մշակված շահառուների ընտրության չափորոշիչներից:

← Վերադառնալ ցուցակին