Լուրեր
ՀՀ Նախագահն այցելեց Շամբիի պահածոների և հանքային ջրերի արտադրամասեր
17.04.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում եղավ Դարբաս համայնքի Շամբի պահածոների եւ հանքային ջրերի գործարաններում, որոնք շահագործման են հանձնվել 2010թ-ի աշնանից:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պահածոների գործարանի կառուցման համար 2009-2011թթ. ընթացքում Գերմանիայից, Իտալիայից եւ Բուլղարիայից ներկրվել է շուրջ 426 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ եւ կատարվել է շուրջ 50 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Գործարանում արտադրվում են պահածոներ, մուրաբաներ, ջեմեր, բնական հյութեր: Հզորությունը կազմում է ժամում 2-2.5 տոննա:
Արտադրության համար օգնագործվող պտուղ-բանջարեղենը մթերվում է տարածաշրջանի գյուղերի արտադրողներից: 2011թ-ին արտադրանքի ծավալները կազմել են 175 տոննա, որից 80 տոկոսն արտահանվել է Ռուսաստան: Ներկայումս գործարանում աշխատում է 60 մարդ, սակայն այս տարի անձնակազմը կկրկնապատկվի:
Հանքային ջրերի գործարանի կառուցման համար նույն 2009-2011թթ. եվրոպական մի շարք երկրներից ներկրվել է շուրջ 650 մլն դրամի սարքավորումներ եւ կատարվել է 100 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Գործարանում արտադրվում են ապակյա եւ պոլիէթիլենային տարաներով հանքային ջրեր եւ լիմոնադներ: Հզորությունը կազմում է ժամում 5 հազար շիշ: Գործարանի արտադրանքի մեծ մասն արտահանվում է: