Լուրեր

Սերժ Սարգսյանն այցելեց Մեղրիի նոր կառուցվող հիվանդանոցային շենքի շինհրապարակ

16.04.2012

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին եղավ Մեղրիի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեղրի քաղաքում նոր երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նախատեսվում է իրականացնել Համաշխարային բանկի աջակցությամբ, առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Դումանյանը, այս ծրագրով կկատարվի Մեղրիի եւ Ագարակի բժշկական կենտրոնների բոլոր հիվանդանոցային եւ ամբուլատոր ծառայությունների համախմբումը մեկ նորակառույց հիվանդանոցային համալիրի շենքում:
«Դա թույլ կտա առավել արդյունավետ եւ աշխարհագրական առումով մատչելի բժշկական ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը: Վերոնշյալ ծրագրի իրականացումը թույլ կտա ազատել Ագարակի եւ Մեղրիի հիվանդանոցների, ինչպես նաեւ Մեղրիի պոլիկլինիկայի շենքերը»,- նշեց նա` հավելելով, որ հիվանդանոցի շենքը տեղակայվելու է 3500 քմ մակերեսի վրա, շենքում կտեղակայվեն 45 մահճակալանոց պազմապրոֆիլ բժշկական կենտրոն:
«Կենտրոնն իր մեջ կընդգրկի թերապեւտիկ, ինֆեկցիոն, մանկական, վիրաբուժական եւ մանկաբարձական, ինչպես նաեւ ինտենսիվ բուժման բաժանմունքներից: Բժշկական կենտրոնը կունենա նաեւ ընդունարան` անհետաձգելի եւ պլանային դեպքերի համար, ընդունարանին կից ախտորոշիչ բաժանմունք եւ օժանդակ ծառայություններ: Ծրագիրը նախատեսվում է այն ավարտել 2013թ-ի վերջին»,- ասաց Դումանյանը:
Ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 3.6 մլն ԱՄՆ դոլար:
 

← Վերադառնալ ցուցակին