Լուրեր
«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք». Սերժ Սարգսյան
16.04.2012
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշվի շրջանակներում ապրիլի 16-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Մեղրիում հանդիպեց ընտրողների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեղրիի մշակույթի կենտրոնի հրապարակում Սերժ Սարգսյանը խնդրեց սյունեցիների աջակցությունն ավելի ապահով ու բարեկեցիկ երկիր կառուցելու համար:
«Մեր նպատակն է ունենալ ավելի լավ հայրենիք ու դա մեր ընդհանուր ցանկությունն է: Միասին կերտելու ենք մի երկիր, որտեղ ամեն քաղաքացի կունենա աշխատանք ու կկարողանա հոգալ իր ընտանիքի կարիքներն ու առիթ չի ունենա լքելու հայրենիքը»,- ասաց ՀՀԿ առաջնորդը` ընդգծելով, որ կուսակցությունն ունի Հայաստանի զարգացման հստակ ռազմավարություն:
«Մենք պատերազմ ենք հայտարարել կաշառակերությանը եւ մենաշնորհային դիրքի չարաշահմանը: Մենք արդեն ունեն հաջողություններ, ճիշտ ճանապարհի վրա ենք ու ցանկանում եմ խնդրել ձեր օգնությունը այդ ուղղությամբ հետագա հաջողություններն ապահովելու համար»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Մեղրի այցելությունից հետո ՀՀԿ առաջնորդը մեկնեց Քաջարան, որտեղ Լեռնագործների փողոցում հանդիպեց բնակիչների հետ, ծանոթացավ նրանց առօրյա խնդիրների ու հոգսերի հետ: