Լուրեր
Սերժ Սարգսյանը Ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է ՀՀ բարձրագույն կոչումներ և մեդալներ
14.04.2012
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ և մեդալներ:
Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանին՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Տիգրան Մնացականյանը: «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Այվազյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վահրամ Ենգոյանը, Երևան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ, միլիցիայի կրտսեր սերժանտ Արթուր Խաչատուրյանը (հետմահու), ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ-վարորդ, միլիցիայի ավագ սերժանտ Գրիգոր Հունանյանը (հետմահու), ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ՄանվելՎարդանյանը: Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին՝ ընդգծելով, որ այդ պարգևները պետության կողմից նրանց ծառայության գնահատականն են և մեծ արժեք ունեն իրենց կոչմանն ու առաքելությանը նվիրված ոստիկանների համար:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ոստիկանության օրվա առթիվ
Հարգելի՛ ոստիկաններ,
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Կարծում եմ, ձեզնից որևէ մեկը չի կասկածում, թե որքան լավ եմ պատկերացնում ես ձեր աշխատանքի բարդություններն ու ձեր խնդիրները: Հայաստանի ոստիկանությունը շարունակում է իր ուղին փոփոխությունների դժվար ճանապարհին: Գոհունակությամբ արձանագրում եմ` արդյունքներն իսկապես տեսանելի են:
Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է: Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, և դա չի կարող չուրախացնել:
Ձեզնից կրկին ակնկալվում է բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն մի կողմից, և վճռականություն` մյուս կողմից: Պրոֆեսիոնալ ոստիկանը կարողանում է ճիշտ որոշել սահմանը, ինչն իսկապես հեշտ գործ չէ: Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալները ձեր շարքերում շատ են ու ավելանում են: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում այս կարևոր գործում:
Վստահ եղեք, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ձեր գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ ձեր կողմից, հաստատապես տեսնում և գնահատում է ձեր գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Դարձե՛ք ժամանակակից ոստիկանություն և ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով: Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից: Պետք է այնպես անեք, որ այս հնարավորությունը բաց չթողնեք:
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, նոր ձեռքբերումներ ծառայության մեջ: