Լուրեր

Տարոն Մարգարյանն այցելել է հաշմանդամ երեխաների <<Փրկություն>> կենտրոն

14.04.2012

Տարոն Մարգարյանն այցելել է հաշմանդամ երեխաների <<Փրկություն>> կենտրոն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 14-ին այցելել է <<Փրկություն>> հաշմանդամ երեխաների հ/կ և ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու խնդիրներին:
Կենտրոնի տնօրեն Արփինե Վարդանյանը քաղաքապետին է ներկայացրել շենքային պայմանները բարելավելու առաջնայնությունները, մասնավորապես թեքահարթակների կառուցման անհրաժեշտությունը:
<<Հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները նույնպես քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են։ Իմ հանձնարարականով այսուհետ քաղաքաշինական որևէ նախագիծ չի հաստատվի, եթե դրանում թեքահարթակներ նախատեսված չլինեն: Փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նույնպես հանձնարարված է հետիոտնային անցումներում համապատասխան թեքություններ կահավորել>>,- անդրադառնալով հաշմանդամների խնդիրների ուղղությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին՝ նշել է քաղաքապետը։
Տարոն Մարգարյանը նաև հավաստիացրել է, որ քաղաքապետարանը կաջակցի կենտրոնին ինչպես ներկայացված խնդիրները լուծելու, այնպես էլ զբաղեցրած տարածքի իրավական կարգավիճակը հստակեցնելու հարցում:
Քաղաքապետը կենտրոնի բակում նաև ծառ է տնկել:
 

← Վերադառնալ ցուցակին