Լուրեր

«Հանրապետականը կարևորում է բոլորի ձայները ու հավաստիացնում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի քվեն կարևոր նշանակություն ունի»: Սերժ Սարգսյանը

13.04.2012

Իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միայն ժողովուրդը կարող է քաղաքական ուժերին ուղարկել խորհրդարան: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրարշավի շրջանակներում Արարատ մարզի Վեդի քաղաք այցելության ընթացքում նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Շատերը վստահ են, որ իրենց քվեն էական նշանակություն չունի: Մեկ, երկու, տաս ձայն այս ու այն կողմ ոչինչ չի որոշում: Սակայն դա այդպես չէ: Հանրապետականը կարևորում է բոլորի ձայները ու հավաստիացնում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի քվեն կարևոր նշանակություն ունի»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Ավարտելով խոսքը` ՀՀԿ առաջնորդը կոչ արեց Վեդիի բնակիչներին` քվեարկել թիվ 18 ընտրատարածքի մեծամասնականով առաջադրված «Դաշնակցության» կողմից առաջադրված, անկուսակցական Արտակ Գրիգորյանի օգտին:

Արարատի մարզում ընտրարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը եղավ նաև Արտաշատում: «Հնագույն ժամանակներից այս քաղաքն առանձնացել է իր աշխատասիրությամբ: Այժմ էլ դուք շարունակում եք այդ ավանդույթը: Մի շարք ցուցանիշներով այս մարզն ու այս քաղաքն առաջատարներից է: Սա ամենագազաֆիկացված մարզն է, սակայն մենք այդքանով չենք սահմանափակվելու ու մարզը հետագայում դառնալու է ավելի բարեկեցիկ»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Արտաշատում իր ելույթից հետո, ՀՀԿ առաջնորդը նաև զրուցեց քաղաքի բնակիչների հետ, ովքեր հավաքվել էին քաղաքային կենտրոնական հրապարակում:

← Վերադառնալ ցուցակին