Լուրեր
Կայացավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը
13.04.2012
Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական` երրորդ հանդիպումը` մասնակցությամբ նրանում ընդգրկված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների: Նախորդ հանդիպմանը ԱԺ նախագահի առաջարկով հաստատված օրակարգի համաձայն, այսօր հրավիրվել էին նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ու անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Վերջիններս հանգամանալից ներկայացրեցին ընտրական ցուցակների կազմման, դրանց առավելագույն ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Խմբին մտահոգող կարեւորագույն հարցերից էր մեկ անձի` մի քանի անձնագիր ունենալու մասին լրատվամիջոցների հրապարակումները:
Փոխոստիկանապետը մանրամասն տեղեկացրեց ՀՀ քաղաքացուն անձնագիր տրամադրելու ողջ գործընթացը, որով բացառեց նման դեպքերի հնարավորությունը: Արթուր Օսիկյանը հավաստիացրեց, որ ճշմարտությանը չեն համապատասխանում մամուլում եւ հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, թե Հայաստանում շատ քաղաքացիներ ունեն երկու անձնագիր եւ կարող են իրականացնել կրկնակի քվեարկություն: Ըստ նրա` ոստիկանությունում խնդիր է դրված անդրադառնալ մամուլում տեղ գտած բոլոր հաղորդագրություններին: Նշվեց, որ գործող Ընտրական օրենսգրքով ավելի հրապարակային են դարձել ընտրական ցուցակները, որոնք տեղակայված են համացանցում, եւ յուրաքանչյուր մեկը հնարավորություն ունի դրանք ստուգելու, առկա անճշտությունները շտկելու: Տեղեկացվեց, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով մինչ օրս ստացվել է 95 ահազանգ` կապված ընտրությունների ցուցակների անճշտությունների հետ: Բոլոր ահազանգերին տրվել են պարզաբանումներ:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց ներկայացնել կրկնակի անձնագիր ունենալու գեթ մեկ փաստ, ինչը նրանցից որեւէ մեկը դժվարացավ մատնացույց անել: Խորհրդարանի ղեկավարն ու փոխոստիկանապետը կոչ արեցին թե ընտրացուցակների հետ կապված, թե անձնագրերի առնչությամբ հայտնաբերված ցանկացած փաստացի խախտման վերաբերյալ ահազանգել, աջակցել դրանց բացահայտմանն ու վերացմանը:
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց բոլոր մտահոգությունները: Անդրադառնալով մեկ հասցեում մի քանի անձանց գրանցված լինելու փաստերին` փոխոստիկանապետը նշեց, որ դա օրենքով սահմանափակված չէ, եթե առկա է տվյալ տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը: Հնչեցին նաեւ արտերկում բնակվող ՀՀ քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու կարգին, նրանց հաշվառման հետ կապված խնդիրներին, ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը վերաբերող հարցեր: Վերջինիս առնչությամբ պարոն Օսիկյանը նշեց, որ դա պայմանավորված է մահացածների մասին հաշվառման ռեգիստրին պատշաճ կարգով չտեղեկացնելով: Այժմ ոստիկանության տեսուչները տեղերում աշխատանքներ են տանում մահացած անձանց հաշվառումից հանելու ուղղությամբ: Այս գործում եւս փոխոստիկանապետը կարեւորեց քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Նա պատասխանեց առաջադրված բոլոր հարցերին` յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով այն օրենսդրական հիմքը, որով լուծում է տրված կամ հնարավոր է կարգավորել դրանք: