Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
13.04.2012
Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցության, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսի հանդիպման ժամանակ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի և Ռիգայի միջև հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, և համոզմունք է հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունները այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան:
<<Մենք հույս ունենք, որ ինչպես դուք, այնպես էլ Լատվիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը մեծապես կաջակցեք Երևանի և Ռիգայի միջև փոխշահավետ համագործակցություն հաստատմանը` մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլ ուղղություններով: Մենք պատրաստ ենք ներդրումային ծրագրեր ներկայացնել և այդ առումով շնորհակալ կլինենք ձեր աջակցության համար>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նախ նշել է, որ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը գոհունակությամբ ընդունել է Երևան այցելելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերը։ Գինտս Ապալսը նաև նշել է, որ 2 քաղաքների միջև հարաբերություններն ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն, և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկուստեք կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:
<<Վստահ եմ, որ բազմակողմ համագործակցության առաջարկն ու ներդրումային ծրագրերը կհետաքրքրեն մեր գործարարներին, և համատեղ աշխատանքից Ռիգան ու Երևանը միայն կշահեն>>,- նշել է դեսպան Ապալսը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ռիգայի քաղաքապետի Երևան կատարելիք այցելությունից հետո, երբ կստորագրվի երկու քաղաքների միջև փոխգործակցության համաձայնագիրը, Երևանի և Ռիգայի միջև արդեն կոնկրետ ծրագրեր կիրականացվեն։ Տարոն Մարգարյանը դեսպանին հրավիրել է նաև մասնակցելու ապրիլի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում իրականացվելիք ծառատունկին: