Լուրեր
«Հանրապետականը փորձում է ստեղծել ուժեղ ու բարեկեցիկ գյուղական համայնքներ». ՀՀ Նախագահ
13.04.2012
Հայաստանի հանրապետական կուսակցության նպատակն է ստեղծել ուժեղ, կայուն եւ բարեկեցիկ գյուղ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ապրիլի 13-ին Արարատի մարզի Այնթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ մի շարք օբյեկտիվ պատճառներով ՀՀԿ-ն հնարավորություն չունեցավ ամբողջապես իրականացնել իր առջև դրված ծրագրերը:
«Ինչպես հայտնի է` միջազգային ֆինանասատնտեսական ճգնաժամի հետևանքով տուժեց նաև Հայաստանը: Գործադրելով լրջագույն ջանքեր` մենք կարողացանք դիմակայել դրան` միաժամանակ չկրճատելով ոչ մի սոցիալական ծրագիր. Ընդհակառակը, որոշ դեպքերում մենք կարողացանք ավելացնել սոցիալական հարցերի կարգավորման համար նախատեսված միջոցները»,- նշեց ՀՀ Նախագահը:
ՀՀԿ առաջնորդը հորդորեց կարևորել սեփական ձայնն ու մասնակցել ընտրություններին:
«Պետք է բարձր գիտակցությամբ գնալ ու մասնակցել ընտրություններին, ու մենք պետք է կազմավորենք այնպիսի խորհրդարան, որը կկարողանա իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք մենք մեր առջև դրել ենք»,- ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ մայիսի 6-ից հետո թշնամությունը չպետք է ավելանա մարդկանց միջև:
Սերժ Սարգսյանը զրուցեց համայնքի բնակիչների հետ, ծանոթացավ վերջիններիս խնդիրներին ու խոստացավ անպայմանորեն բարեփոխումների շնորհիվ հասնել դրանց լուծմանը: