Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ
13.04.2012
Հանրապետության ղեկավարն այցելել է Այնթափ համայնքում կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել մանկապարտեզը հնարավորին շուտ շահագործման հանձնելու հետ կապված խնդիրները՝ նկատի առնելով, որ Այնթափի շուրջ 250 երեխաների մեծ մասը համայնքի կողմից վարձակալված ավտոբուսներով հաճախում են հարևան համայնքների մանկապարտեզներ: Նախագահին զեկուցվել է, որ ըստ նախագծի մանկապարտեզը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից և շահագործման հանձնելուց հետո լիովին լուծելու է մինչ այժմ երբևէ մանկապարտեզ չունեցած այս համայնքի հիշյալ խնդիրը:
Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահն այցելել է նաև «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի Սուրենավանի քարերի վերամշակման գործարան, որտեղ ընկերությունն այժմ բնական քարե սալիկներ արտադրելու համար կառուցում է վերամշակող նոր արտադրամաս և նախատեսում է ապրիլ-մայիս ամիսներին սկսել այդ արտադրամասի փորձարկումները: Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ անհրաժեշտ շենքերի-շինությունների կառուցումն արդեն ավարտված է, տեղադրված է իտալական արտադրողներից ձեռք բերված սարքավորումների մեծ մասը:
Նշվել է, որ Սուրենավանի քարերի վերամշակման գործարանը հնարավորություն ունի արտադրելու տարեկան մոտ 240 հազար քմ. բնական քարերի երեսպատման սալիկներ: Ներկայում գործարանում աշխատում է 132 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-130 հազ. դրամ: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, նոր արտադրամասի շահագործումից հետո աշխատողների թիվը կավելանա ևս 80-ով:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի հանքային ջրերի գործարան: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել հանքային ջրերի և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրություն, որի 70%-ը իրացնելու է Հայաստանից դուրս: Նախագահի այցի ժամանակ այսօր փորձարկվել է եվրոպական նորագույն սարքավորումներով համալրված նոր արտադրամասը:
Գործարանում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ արտադրության կազմակերպման նպատակով Հայաստան են ներմուծվել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիաներ: Նախատեսվում է արտադրել պլաստմասե շշերի նախապատրաստուկ, պոլիէթիլենից շշեր, կափարիչներ ու արկղեր, CO2 գազ (բժշկական մաքրության), հանքային և քաղցրահամ ջրեր, բնական գազավորված ըմպելիքներ: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, արտադրական հզորությունները թույլ են տալիս շշալցնելու 1 ժամում մինչև 30000 շիշ:
Հանրապետության ղեկավարը մարզի Արտաշատ քաղաքում ծանոթացել է քաղաքային լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքներին ևս, որոնք մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահի Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա:
Արտաշատ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քաղաքային լիճը, որը կառուցվել է 1969-1970թթ. և հանդիսացել Արտաշատ քաղաքի ազգաբնակչության հանգստի ամենասիրելի վայրերից մեկը, լիճ լցվող ստորերկրյա ջրերի նվազման հետևանքով 1988թ-ից սկսել է ճահճանալ՝ լուրջ վտանգ հանդիսանալով տարածքի էկոլոգիական վիճակի ու մարդկանց առողջության համար:
Հանրապետության ղեկավարի հանձնարարականից հետո, 2011թ. «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր և ՀՀ կառավարության պահուստային միջոցների հաշվին լուծվել է ֆինանսավորման հարցը, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքերը կավարտվեն 2012թ. մայիս ամսին: