Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

13.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատանքային շրջայցը մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում սկսել է բակային տարածքներից:
Քաղաքապետարանի ծրագրերով Արաբկիրի բակային տարածքներում նույնպես բարեկարգման ծավալուն աշխատանքներ են ընթանում. ասֆալտբետոնյա ծածկի վերականգնում, կանաչ գոտիների թարմացում և նորերի ստեղծում, զրուցարանների ու նստարանների, ինչպես նաև երեխաների համար խաղային ատրակցիոնների տեղադրում:
Բնակիչներն այստեղ էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և սեփական նախաձեռնությամբ ազատել են բակերում իրենց կողմից ինքնակամ զբաղեցրած տարածքները:
Դրանց տեղերում շուտով կձևավորվեն հանգստի ընդհանուր, հարմարավետ գոտիներ, ինչի համար բնակիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին և վստահեցրել են, որ խնամքով կվերաբերվեն իրենց բակերին:
Իսկ Գրիբոյեդովի 11ա, Կոմիտասի 7/1, 2, 3 և Ավետիսյան 67 հասցեներում վարչական շրջանի պատասխանատուները Տարոն Մարգարյանին ներկայացրել են ոռոգման համակարգերի վերականգնման և արդիականացման աշխատանքների ընթացքը: Կանաչ գոտիներն այստեղ կոռոգվեն անձրևացման և կաթիլային եղանակներով, որոնք, գյուղատնտեսների վկայությամբ, ժամանակակից ամենաարդյունավետ մեթոդներն են: Ոռոգման համակարգերի առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն զգալիորեն ընդլայնել առկա կանաչ տարածքները, այլև ստեղծել նորերը` զուգահեռաբար կանաչապատելով ու ծաղկապատելով նաև բակային տարածքները:
Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կանաչապատման և ծառատունկի աշխատանքները պետք է լինեն համակարգված և իրականացվեն բացառապես ոռոգելի տարածքներում:
Քաղաքապետին զեկուցվել է, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգման աշխատանքներ են ընթանում:
Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս կարևորել է բնակիչների հետ անմիջական շփումը. <<Բնակիչների հետ շփումը պետք է լինի ամենօրյա: Անհրաժեշտ է ուշադիր և հետևողական լինել բարձրացված յուրաքանչյուր հարցի նկատմամբ և հնարավորին արագ լուծումներ տալ դրանց>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին