Լուրեր
Քաղաքացիները գոհ են բարեփոխման ընթացքից
12.04.2012
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ ՀՀ վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։
Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է կառավարության ձեռնարկած բարեփոխման մոնիտորինգի հերթական հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքացիների ընկալումը տարբեր ոլորտների բարեփոխման վերաբերյալ։ Արդյունքները վկայում են, որ բնակչության մեծ մասը գոհ է բարեփոխման արդյունքից։
Կթողարկվի միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. դեկտեմբերի 30-ը։ Ընկերությունը հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքի արտադրություն կազմակերպելու նպատակով Արտաշատ քաղաքում կատարել է մոտ 14.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ՀՀ տարածք ներմուծել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա։ Ներդրման գումարը հասցվելու է 27 մլն ԱՄՆ դոլարի, ստեղծվելու է մինչև 220 նոր աշխատատեղ, իսկ թողարկվող արտադրանքը համապատասխանեցվելու է միջազգային չափորոշիչներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա այն հաջող օրինակներից է, երբ ներդրումների արդյունքն առկա է ծրագրերի իրականացման գործում։
Կառավարությունն իր նիստում փոփոխել և լրացրել է ավելի վաղ ընդունած ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը` պարզեցնելով արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքաշինական թույլատվական ընթացակարգերը։ Որոշման ընդունումն էապես կնպաստի քաղաքաշինական գործընթացների թափանցիկությանը, մատուցվող ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և, որպես արդյունք` կառուցապատման ոլորտի գործարար միջավայրի հետևողական բարելավմանը։ Նույն խնդիրների լուծմանն է ուղղված նաև հաջորդ որոշումը, որով գործադիրը հավանություն է տվել ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվության տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցին և ՀՀ մարզպետներին պարտավորեցրել կազմակերպել նշված համակարգի ներդրումը։
Իր երկու որոշմամբ կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Հրազդան քաղաքում գտնվող նախկին պոլիկլինիկայի շենքի ոչ բնակելի տարածքն օտարել դասական աճուրդով, իսկ Երևան-Իջևան-Այգեհովիտ ճանապարհի «Լճերով հանգստյան գոտի» օբյեկտը գույքի վարձակալին` ուղղակի վաճառքի ձևով։ Հաջորդ որոշմամբ Երևան-Ապարան ավտոմայրուղու և Ջրամբար գյուղ գնացող ճանապարհի աջ սկզբնամասում կառուցված ոռոգման ջրի անավարտ պոմպակայանը, կից վարչական շենքը և խողովակաշարերը, որոնք կարող են ծառայել Արագածոտնի մարզի մի քանի համայնքների հողատարածքները ոռոգման ջուր մատակարարելու նպատակով, հանձնվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին։
Արաքս գետի առափնյա տարածքները զերծ կմնան գարնանային ողողումից
ՀՀ կառավարության որոշմամբ Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է մոտ 348 մլն դրամ։ Արաքս գետի 2012 թ. գարնանային վարարումների առավելագույն ելքը մասնագետները գնահատել են 900 մ3 /վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։ Որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացմամբ կամրացվի Արաքս գետի արգելաթումբն Արմավիրի մարզի Մարգարա, Երվանդաշատ համայնքների տարածքում և Սյունիքի մարզում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղում կբարձրացվի արգելաթմբի կատարը, Լուսառատի տարածքում` նույնպես, ինչպես նաև կկառուցվի նոր կամուրջ։ Այս ամենի շնորհիվ առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։
Բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 5 մլն դրամ։ Կազմակերպությունը 2010 և 2011 թթ. հանրապետության մի շարք մարզպետարաններին և այլ կազմակերպությունների անհատույց տրամադրել է ավելի քան 100 հազար տնկանյութ։ Ծրագիրը շարունակվում է նաև այս տարի։ Տեղեկացնելով, որ սույն հասարակական կազմակերպությունը ղեկավարում է Սոս Սարգսյանը, վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան` շոշափելի արդյունքի հասնելու համար և քաջառողջություն մաղթել։
Կառավարությունն իր նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների փ. 2 հասցեում գտնվող 13 հազար 500 քմ հողամասի շուկայական գնահատված արժեքով ներդրումը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով։ Նշված կենտրոնի միջոցով կազմակերպվելու է ռադիոիզոտոպների արտադրություն, և այժմ կազմվում են հողամասում ցիկլոտրոն տեղադրելու նախագծանախահաշվային փաստաթղթերը։
Գործադիրն ի գիտություն է ընդունել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։ Դրանց իրականացման համար Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկային միջոցներից նախատեսվել է 250 մլն ԱՄՆ դոլար կամ 92 մլրդ 500 մլն դրամ։ 2009-2011 թթ. վճարված և ՀՀ 2012 թ. պետբյուջեով նախատեսված գումարները վճարելու դեպքում 2012 թ. տարեվերջին ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 84 մլրդ դրամ, իսկ կառուցված բնակարանների (բնակելի տների) ընդհանուր թիվը` 4 հազար 617։ Ըստ կանխատեսման` ծրագրի իրականացումից հետո լուծում կպահանջի 1008 ընտանիքի բնակարանային խնդիրը, որը կլուծվի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում մեկ սենյականոցի հավակնող 400 ընտանիքի ԲԳՎ ծրագրի, իսկ մնացած 608 ընտանիքինը` բնակարանային շինարարության ծրագրով։ Այս տարբերակով անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ 1.5 մլրդ միջոցների հատկացման, ինչի արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կլինի 85 մլրդ 511 մլն դրամ։ Փաստաթուղթը, վարչապետի դիտարկմամբ, բովանդակում է աղետի գոտու ամբողջական պատկերը, թե ռուսական վարկից տրամադրված 250 մլն դոլարն ինչպես է ծախսվել։ «Մենք հարյուր տոկոսով կատարելու ենք մեր պարտավորությունները», - շեշտել է Տիգրան Սարգսյանը։
Հաջորդ որոշմամբ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 266 մլն դրամ` Արմավիր քաղաքի պահածոյի գործարանի վարչական շենքը 49 բնակարանից բաղկացած բնակելի շենքի վերակառուցելու, «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեման և էսքիզային փաստաթղթերը մշակելու և Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար։ Վարչապետը հատկապես կարևորել է Արմավիրի պահածոյի գործարանի վարչական շենքի վերակառուցումը` շնորհակալություն հայտնելով ձեռնարկության ղեկավարությանը, որը սիրահոժար տրամադրել է շենքը։ «Նոր բնակարանները երկու վթարային շենքերի բնակիչներին տրամադրելուց հետո ազատված վթարային շենքերը և համապատասխան հողատարածքը պետք է սեփականության իրավունքով հանձնվեն կառավարությանը, որպեսզի հնարավոր լինի շարունակել սոցիալական ծրագիրը», - ասել է Տիգրան Սարգսյանը։
Բարեփոխվում է ռազմական արդյունաբերության համալիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխման և զարգացման համակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, ծառայելու է այս հզոր ոլորտի զարգացմանը, ոլորտ, որը կարող է մեծ ներուժ պարունակել տնտեսության ընդհանուր առաջընթացի տեսակետից և կօգնի գտնել Հայաստանի տեղը և մասնագիտացումը ռազմական արդյունաբերության մեջ,
- վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2007-2010 թթ.),
- «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը,
- ՀՀ 2012-2014 թթ. հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը, ծրագրի բյուջեն և իրականացման միջոցառումները. ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ամեն տարի երկրի 141 համայնքում ունենալ հողերի սննդատարրերով ապահովվածությունն արտացոլող ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնց միջոցով պարարտանյութերը կօգտագործվեն խնայողաբար և նպատակային, կբարձրանան հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը,
- «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում», «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը, ինչպես նաև շախմատ առարկայի դասագրքերի, խնդրագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար նախատեսված ավելի քան 114 մլն դրամը տրամադրել «Հայաստանի շախմատային ակադեմիա» հիմնադրամին,
- ՀՀ արդարադատության նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման, հանրապետական և տարածքային մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը։
Գործադիրը հավանություն է տվել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու համաձայնագրի նախագծին, որով կկարգավորվի պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետը, դրա դադարման ժամանակ կոնցեսիոն ակտիվների վերադարձման, գույքային իրավունքի փոխանցման մեխանիզմները։
«Հայկական տպագրության 500-ամյակը» և «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերով համաքաղաքային միջոցառումների բացման արարողության և հանդիսավոր համերգի կազմակերպման նպատակով «Գիրք» հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 300 մլն 300 հազար դրամ։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, Բոլոնիայի քարտուղարության 4-րդ համաժողովի անցկացման և 2012 թ. հուլիսի 1-ից 2015 թ. հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնմանը։ ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարներին հանձնարարվել է միջոցառումների կազմակերպման և անցկացման համար 2013-2015 թթ. պետբյուջեով նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի և Արգենտինայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Գործադիրը Երևանի «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգել է հինգ տարով։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի (Փայահանի) և Քարահունջի գյուղական համայնքների հողերի մի մասը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության համար։
Կառավարության որոշմամբ Ժնևի կոնսերվատորիայի մագիստրատուրայի սան, ֆլեյտահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Ավագյանին և ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար խաղացող Էդգար Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել համապատասխանաբար մինչև 2013 թ. գարնանային և աշնանային զորակոչը։