Լուրեր

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

12.04.2012

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` պարոն Նիկոյանն անդրադարձավ երկկողմ աշխույժ կապերին, կարեւորեց դրանց հետագա ակտիվացումն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնումը: Նրա խոսքով` հայ-լատվիական հարաբերությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին, եւ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Այն առավել կայուն հիմքերի վրա դնելու եւ արդյունավետ կազմակերպելու առումով, անհրաժեշտ համարվեց համագործակցության ընդլայնումը հնարավոր բոլոր ձեւաչափերով:

Կողմերը, բացի խորհրդարանների նախագահների կամ փոխնախագահների փոխայցելություններից, նպատակահարմար համարեցին նաեւ պատգամավորական բարեկամության խմբերի, մշտական հանձնաժողովների, տարբեր խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների մակարդակով փոխայցելությունների ու հանդիպումների կազմակերպումը: Խորհրդարանի նախագահը, տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ-ում մշտապես գործել է Հայաստան-Լատվիա բարեկամության խումբը, վստահություն հայտնեց, որ առաջիկա ընտրություններից հետո եւս այն արագ կձեւավորվի:

Հաշվի առնելով Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցչական լինելու հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը կզարգանա նաեւ միջազգային կառույցների, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի խորհրդանանական վեհաժողովի, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության շրջանակներում:

Իր հերթին դեսպան Գինտս Ապալսը տեղեկացրեց, որ իրենց խորհրդարանում ձեւավորվել է Լատվիա-Հայաստան բազմամարդ պատգամավորական բարեկամության խումբ, որն իր անդամների թվով` 30 պատգամավոր, ամենամեծն է եղածների մեջ: Սա, նրա խոսքով, լավ վկայություն է միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի ու հետաքրքրության, հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամության: Ըստ դեսպանի, Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ բոլոր` ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ քաղաքական, տնտեսության, գիտության, մշակույթի, այլ ասպարեզներում: Գինտս Ապալսն իր երկրի խորհրդարանի ղեկավարի անունից ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց այցելել Լատվիա` հույս հայտնելով, որ այցն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրեն երկար սպասել չի տա:

← Վերադառնալ ցուցակին