Լուրեր

«Եթե ընտրություն ունենայի, կապրեի Հայթաղ համայնքում». ՀՀ Նախագահ

11.04.2012

 Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այցելեց Արմավիրի մարզ եւ հանդիպեց Հայթաղ համայնքի բնակիչներին: Նախագահը հավաստիացրեց, որ եթե ընտրության հնարավորություն ունենար, ապա ավելի մեծ հաճույքով կապրեր Հայթաղ համայնքում:
«Շատերը ձգտում են տեղափոխվել Երևան, սակայն մենք ստեղծելու ենք բոլոր պայմանները, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի տեղափոխվել մայրաքաղաք` թողնելով իր սուրբ օջախը: Իհարկե, Երեւանում ավելի լավ է, սակայն մենք կձեռնարկենք քայլեր` ունենալու համար ավելի հարմարավետ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որպեսզի այստեղի բնակիչը չզգա տարբերություն Երեւանի եւ Հայթաղի միջեւ»,- նշեց ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ցավալի է այն փաստը, որ Հայաստանի բնակչության մեկ երրորդը կենտրոնացած է Երեւանում, եւ ՀՀԿ-ի հիմնական նպատակներից մեկը լինելու է գյուղական համայնքների զարգացումը:
«Ես նույնպես կցանկանայի, որ ոռոգման ջուրը եւ մյուս ծառայությունները լինեն անվճար: Սակայն դրան հասնելու համար տարիների ընթացքում երկարատեւ աշխատանք պետք է իրականացվի: Հուսով եմ, որ դուք ձեր քվեն կտաք Հանրապետական կուսակցությանը, որպեսզի մենք կարողանանք գյուղի ամրապնդմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչել»,- ավելացրեց ՀՀ Նախագահը:

← Վերադառնալ ցուցակին