Լուրեր

ՀՀ Նախագահը Սարդարապատ համայնքում ծանոթացավ նորաբաց ջերմատան աշխատանքներին

11.04.2012

 Արմավիրի մարզ ապրիլի 11-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Սարդարապատ համայնքում այցելեց «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ-ի նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության իրականացրած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին:
Ընկերությունը համայնքում գնել է 20 հա հողակտոր, որի վրա 2011 թ-ի օգոստոսից սկսվել են 1,1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 30-ին: Մինչ ջերմատան աշխատանքներին ծանոթանալը, Նախագահը մուտքի հարևանությամբ տնկեց ծառ, ապա զրուցեց տեղի բնակիչների հետ` ծանոթանալով վերջիններիս առօրյա խնդիրներին:
Ջերմոցային տնտեսության ավագ աշխատակից Մովսես Գրիգորյանը նշեց, որ ջերմոցի գործարկման նախնական փուլում աճեցվելու է միայն վարունգ. «Տարեկան ակնկալում ենք, որ կարող են երկու եւ ավել անգամ բերք ստանալ: Հողի մշակման համար օգտագործվում են միայն բնական պարարտանյութեր»,- նշեց նա:
Ջերմոցային տնտեսությունը շահագործման հանձնելու համար կատարվել է շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար ներդրում: Այստեղ ընթացիկ տարվա մարտին առաջին անգամ տնկվել է նազրվան տեսակի վարունգ, որի բերքը նախատեսվում է ստանալ ապրիլի վերջից: Ակնկալվում է ստանալ մոտ 60 տոննա վարունգ, որը պետք է սկզբնական շրջանում իրացվի հանրապետությունում:

← Վերադառնալ ցուցակին