Լուրեր

Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԽԽՎ Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը

11.04.2012

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Բարոնուհի Էմմա Նիքոլսոնի(Միացյալ Թագավորություն) ղեկավարությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու իր հրավերն ընդունելու, ինչպես նաեւ ԵԽԽՎ եւ ՀՀ ԱԺ համագործակցության համար: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, որոնց ակտիվ աշխատանքը պարոն Նիկոյանը բարձր գնահատեց:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն նախապատրաստական աշխատանքները, որոնք տարվում են ԱԺ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով եւ միջազգային չափանիշներին համահունչ անցկացնելու համար: Այս առումով նա կարեւորեց այն դրական մթնոլորտը, որ այսօր ձեւավորվել է երկրի ներքաղաքական դաշտում: ԱԺ նախագահի խոսքով` մեծ ջանքեր պահանջվեցին ներքաղաքական իրադրությունը կարգավորելու եւ բարենպաստ, հանդուրժողական մթնոլորտ ձեւավորելու համար: Պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ «Ընտրական օրենսգրքի» կատարելագործումը, որտեղ հաշվի են առնվել շահագրգիռ բոլոր կողմերի մոտեցումները, այդ թվում` միջազգային կառույցների: «Մեր խնդիրն է, որ իրոք անցկացվեն ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, եւ որ դրանց արդյունքները հենց այդպես գնահատեն Հայաստանի ու միջազգային հանրությունը»,- նշեց ԱԺ նախագահը:

Բարոնուհու եւ դիտորդական առաքելության պատվիրակության անդամ Պյոտր Վախի(Լեհաստան) խնդրանքով, պարոն Նիկոյանը ներկայացրեց ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային աշխատանքային խմբի կառուցվածքն ու գործառույթները: Այս նախաձեռնությունը Էմմա Նիքոլսոնը գնահատեց որպես շատ հետաքրքրական եւ լավ գաղափար: Նա նաեւ նշեց այն նկատելի դրական աշխատանքը, որ տարվում է ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ, կարեւորեց դիտորդական առաքելությունների դերը դրանց ժողովրդավարական բնույթն ապահովելու գործում: Բարոնուհին հավաստիացրեց, որ միջազգային դիտորդական առաքելությունները Հայաստանում ներկայացված կլինեն մեծ թիմով:

Նախընտրական գործընթացների, ընտրությունների կազմակերպման առնչությամբ իրենց մոտեցումերը ներկայացրեցին նաեւ Զարուհի Փոստանջյանը(«Ժառանգություն»), Արմեն Ռուստամյանը(ՀՅԴ), Դավիթ Հարությունյանը(ՀՀԿ), Հերմինե Նաղդալյանը(ՀՀԿ):

← Վերադառնալ ցուցակին