Լուրեր

ՀՀ Նախագահն Էջմիածնում կոչ արեց հավատով հասնել առկա խնդիրների լուծմանը

11.04.2012

 Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այցելեց Արմավիրի մարզ, հանդիպեց Էջմիածնի ու հարակից Ջրարբի, Այգաշատ համայնքների բնակիչներին: Նախագահն ընդգծեց էջմիածինցիների կարեւոր դերը, ովքեր ապրում են բոլոր հայերի համար սրբավայր հանդիսացող քաղաքում:
«Եթե շատ հայերի համար սա ուխտատեղի է, ապա Էջմիածնի բնակիչների համար այն նաև հարազատ օջախ է: Սա մեր հոգևոր կենտրոնն է, և մենք այստեղ գալով ու տեսնելով ձեզ, կրկնապատկված պատասխանատվություն ենք զգում»,- նշեց Սերժ Սարգսյանը` հորդորելով Էջմիածնի բնակիչներին ավելի սիրել սեփական քաղաքն ու լինել ավելի պահանջկոտ քաղաքապետի նկատմամբ:
Խոսելով նախորդ տարիներին արված աշխատանքի մասին` Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ ընդունում է քննադատությունը և չի կարող չհամաձայնել, որ մի շարք խոստումներ չեն իրականացվել, կամ և մնացել են կիսատ: «Պետք է հավատով լցված լինենք, որպեսզի կարողանանք հետագայում աշխատել դրանց իրականացման համար, ու այդ ուղղությամբ մեզ համար կարևոր է ձեր վստահությունը: Որքան էլ խնդիրներն այժմ շատ են, սակայն չենք կարող հերքել, որ բազմաթիվ դրական ձեռքբերումներ նույնպես արձանագրվել են»,- ասաց Սերժ Սարգսյան` հիշեցնելով, որ 90-ականների վերջերին Էջմիածինը շատ անշուք տեսք ուներ, ու դա անհամեմատելի է ներկա իրականության հետ:

← Վերադառնալ ցուցակին