Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

11.04.2012

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Հերթականը Դավթաշեն վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:
Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել հանգստի գոտիներում, այգիներում, պուրակներում և բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանում վերջերս ձևավորված փոքր շուկաների պայմաններին և, զրուցելով առևտուր իրականացնողների հետ, հավաստիացել է, որ քաղաքակիրթ առևտրի կազմակերպմանն ուղղված քաղաքապետարանի քայլերը գոհունակությամբ են ընդունվել թե' առևտրականների և թե' քաղաքացիների կողմից:
Այնուհետ քաղաքապետը ծանոթացել է բակային տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ բարեկարգվող բոլոր բակերը կհամալրվեն նստարաններով ու զրուցարաններով, ինչն, ըստ էության, իրականացվում էր նաև շրջայցի պահին:
“Դավթաշեն վարչական շրջանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ բավականին տարածքներ կան, որտեղ կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել մեր քաղաքացիների հանգստի համար: Վարչական շրջանի կողմից աշխատանքներն արդեն մեկնարկել են: 2012թ. ծրագրերով Դավթաշենում մի շարք այգիներ են կառուցվում: Ողջունելի է նաև բնակիչների` զբաղեցրած բոստանային տարածքները կամովին ազատելու նախաձեռնությունը, որոնք ևս բարեկարգվում և կահավորվում են խաղահրապարակներով”,- նշել է Տարոն Մարգարյանը:
Դավթաշենի առաջին թաղամասում մարզասեր փոքրիկների համար շուտով ֆուտբոլի փոքր խաղադաշտ կկառուցվի: Բակերի բարեկարգման մասով իրենց գոհունակությունը հայտնելով Տարոն Մարգարյանին, դավթաշենցիները հույս են հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական, և բոլոր բակերը կբարեկարգվեն, ինչին ի պատասխան քաղաքապետը հավաստիացրել է, որ ծրագիրը կլինի շարունակական և հորդորել է բնակիչներին լինել ավելի ակտիվ և մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 200 դպրոցի բակ, որտեղ, լսելով բնակիչների կողմից առաջադրվող խնդիրները, տեղում հանձնարարել է ապահովել աշակերտների անվտանգությունը և արգելել ավտոմեքենաների մուտքը դպրոցի բակային տարածք:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բնակիչների ժամանցի կազմակերպման համար վարչական շրջաններից յուրաքանչյուրում պետք է ստեղծվեն հանգստի հարմարավետ կենտրոններ: Դավթաշեն վարչական շրջանում նախագծի մեկնարկն արդեն տրվել է:
“Քաղաքապետարանի քաղաքականությունը հետևյալն է` բոլոր վարչական շրջաններում պետք է լինեն կենտրոններ, որտեղ մեր համաքաղաքացիները կանցկացնեն իրենց հանգիստն ու ազատ ժամանակը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Կենտրոնական այգում քաղաքապետին է ներկայացվել այս ուղղությամբ նախատեսվող ծրագիրը:
Շրջայցից հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջաններն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:
Ըստ այդմ, հանձնարարվել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հնարավորինս շուտ լուծումներ տալու հարցում:
 

← Վերադառնալ ցուցակին