Լուրեր
Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ
11.04.2012
Երևանի ավագանին ապրիլի 11-ին գումարած արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նախագծի, համաձայն որի` բյուջեով հաստատված եկամուտների մասն ավելացել է 1,499,997.5 և ծախերի մասը` 1,499,997.5 հազ. դրամով։ Ներկայացնելով որոշման նախագիծն ու դրա ընդունման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել 2012-2013 թվականներին։ Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը , որի արդյունքում զգալիորեն կթեթևանա նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը։
Այդ կապակցությամբ ներդրումային ծրագիր ներկայացրած ընկերությունը սեփական ուժերով և միջոցներով իրականացնում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը, ինչպես նաև վճարում այդ քաղաքաշինական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքները, որի 50%-ը 2012 թվականի համար կազմում է 1,878,050.0 հազար դրամ, ինչն էլ նախատեսվում է ավելացնել բյուջեի<<Ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին>>։ Դրա դիմաց Երևանի քաղաքապետարանն ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 5.3 հա մակերեսով հողատարածքը, որի 50% գումարի չափով սույն որոշման նախագծով 1,878,050.0 հազար դրամի չափով ավելացնելով Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի հողի իրացումից մուտքերը։
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել <<Երևան քաղաքում վերգետնյա անցումներ կառուցելու աշխատանքների դիմաց վճարման սկզբունքին հավանություն տալու մասին>> որոշման հիման վրա քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքում վերգետնյա հետիոտն անցումներ կառուցելու աշխատանքների դիմաց կառուցվող անցումների վրա գովազդային տարածքի տրամադրման վարձավճարի և դրանց երկու կողային մակերեսներին արտաքին գովազդի թույլտվության համար տեղական տուրքի գումարներով հատուցելու ծրագրին։
Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1,998.0 հազար դրամ է հատկացվել Երևան քաղաքի Բագրևանդի փողոցին հարող տարածքում առկա դամբարանադաշտում հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ իրականացնելու մասնագիտական ծառայություններ ձեռք բերելու նպատակով։
Օրակարգի հաջորդ հարցով ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որը ներառում է Ռուբինյանց փողոցի՝ Պարույր Սևակի փողոցի ավտոդպրոցի հատվածից մինչև Ավանի ուղետար և Ավանի ուղետարի Աճառյան փողոցի Զեյթուն տանող հատվածի երթևեկելի մասի ասֆալտ- բետոնյա ծածկի հիմնանորոգումը, ներառյալ դիտահորերի և անձրևորսիչների կարգաբերումը ու փոխարինումը, հարթեցնող շերտի և 4.5 սմ հաստությամբ ասֆալտ – բետոնյա ծածկի ամբողջական իրականացում։ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է նաև փողոցի շուրջ 70 տոկոս մայթերի ասֆալտ-բետոնյա ծածկի, ինչպես նաև բազալտե և բետոնե եզրաքարերի քանդում և վերականգնում, հաշմանդամների համար մեկ թեքուղու կառուցում, ճանապարհի երկայնությամբ գոյություն ունեցող սիզամարգերի վերականգնում։