Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի պայմաններին
10.04.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի կողմից կազմակերպված Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառմանը:
Կրթահամալիրի վառ գույներով զգեստավորված փոքրիկ սաները Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում նախ տոնական երգ ու պարով ողջունել են քաղաքապետին և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որից հետո նրանք մասնակցել են եկեղեցում Սբ. Զատկի տոնին նվիրված պատարագին:
Այնուհետև քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, որտեղ ծանոթացել է համալիրի պայմաններին, սաների առօրյային ու ծրագրերին:
Երևանի քաղաքապետին, որպես կրթահամալիրի ուսումնադաստիարակչական կարևոր նախագիծ ներկայացվել է <<Սեբաստիա կրթական պարտեզ>> նախագիծը, որով նախատեսվում է կրթահամալիրի սաների ուժերով բարեկարգել ու կանաչապատել համալիրի ողջ տարածքը:
<<Նման նախաձեռնությունները միշտ էլ ողջունելի են: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև վարչական շրջանի աշխատակազմը միշտ ձեր կողքին կլինեն և պատրաստ են օժանդակել նմանատիպ բոլոր նախաձեռնություններին>>,- ողջունելով ներկաներին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այնուհետ կրթահամալիրի սաները քաղաքապետին են ներկայացրել <<Սայաթ-Նովա>> մշակութային ծրագիրը, որով նրանք առաջիկայում հանդես են գալու Թբիլիսիում կայանալիք <<Վարդատոնին>>: