Լուրեր
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է երկրի հաջողությունները: ՀՀԿ առաջնորդ
10.04.2012
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 10-ին այցելեց Նուբարաշեն և հանդիպեց նրա բնակիչների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նախագահն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց նուբարաշեցիներին հինգ տարի առաջ հանրապետական կուսակցությանը վստահելու համար և հորդորեց այս անգամ ևս վստահել:
«Ես ձեզ հետ խոսում եմ անկեղծ ու խոստովանում եմ, որ մեծ հաջողություններով հպարտանալ չենք կարող: Այժմ մենք շունչ քաշելու ժամանակ ունենք ու հաղթահարել ենք համաշխարհային ճգնաժամի ուժգին հարվածները: Արդեն գալիք տարիների ընթացքում մեր ամեն մի քաղաքացի տեսնելու է զարգացումն ու հաջողությունները: Այն, որ մենք ստեղծել ենք, բոլոր պայմանները զարգանալու` դա միանշանակ է, սակայն և խոչընդոտներ այդ ճանապարհին բազմաթիվ են»,- նշեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանն այս տարիների ընթացքում պայքարելով բազմաթիվ միջազգային ճնշող գործոնների ներքո, այդուհանդերձ կարողացավ հաղթահարել դրանք, իսկ ՀՀԿ-ն, իր հերթին կյանքի կոչեց որոշ նախընտրական խոստումներ:
«Իհարկե կրկնապատկվեցին թոշակները, սակայն այն այնքան չնչին գումար է կազմում, որ ես այժմ չեմ ցանկանում անգամ ներկայացնել, որպես մեծ հաջողություն: Այն որոշակի ավելացավ նաև այս տարվա ընթացքում, այն դեպքում, երբ մենք ոչ մի խոստում այդ մասին չէինք տվել: Հիմա մենք պայքարելու ենք, որ Հայաստանում ունենանք տնտեսական աճ ու ավելի ապահով դարձնելու մեր հայրենիքի սահմանը: Իսկ այդ հարցում մենք ունենք հաջողություններ, քանզի արդեն անտեղի է բանակաշինություն բառը, քանի որ այն ամբողջությամբ կազմավորված ու կայացած է և կարողանում է իր առջև դրված բոլորը խնդիրները լուծել»,- ասաց հանրապետական կուսակցության ղեկավարը` հորդորելով լցված լինել հավատով պետության նկատմամբ, որպեսզի կարողանանք լինել ավելի հաջողակ:
Խոսելով Նուբարաշենի խնդիրների մասին` Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ հարկ չի համարում դրանցից յուրաքանչյուրին առանձին անդրադառնալ, քանի որ դրանք բազմաթիվ են և բոլորին էլ ինքը լավատեղյակ է:
Ելույթի վերջում Սերժ Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցեցին նուբարաշեցիների հետ, ծանոթացան նրանց խնդիրներին: