Լուրեր

«ՀՀԿ-ն աշխատել է ժողովրդի վստահությունը արդարացնելու համար». ՀՀ Նախագահ

10.04.2012

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 10-ին հանդիպեց Էրեբունի վարչական շրջանի բնակչության հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նախագահը նշեց, որ սա այն պահն է, երբ զեկուցվում է` ինչ է արվել անցնող տարիներին եւ ինչ պետք է արվի առաջիկայում:

«Մենք ձեզ հետ գնում ենք ընտրություններին, գնում ենք ընտրելու նոր խորհրդարան: ՀՀԿ-ն, որպես կառավարող ուժ չի թաքցրել թերություններն ու թմբկահարել հաջողությունները»,-ասաց Նախագահը: Նա նշեց, որ իշխանությունն առաջին հերթին քրտնաջան աշխատանք է եւ պատասխանատվություն. ժողովրդի վստահությունը արդարացնելու համար ՀՀԿ-ն աշխատել է:

«Արտաքին քաղաքականության մեջ ամեն բան արվել է կշռադատված եւ նպատակային: Այսպես շարունակելու ենք եւ մի քանի տարի անց կապահովենք ՀՀ դերի եւ ընկալման բոլորովին ուրիշ մակարդակ»,- նշեց Սարգսյանը: Նա նշեց, որ ներքին քաղաքականության մեջ նույնպես ամեն բան խղճով է արվել. ամենակարեւորը մթնոլորտի փոփոխությունն ու թշնամական հարաբերությունները բացառելու ջանքերն էին, հարցերը հանգիստ եւ սթափ քննարկելու, խաղաղ ընտրություններին գնալու պատասխանատվությունն էր:

«Մի քանի տարի անց մենք կապահովենք յուրաքանչյուրի ազատությունների եւ արդարության այլ մակարդակ մեր երկրում: Մեծ քայլեր են արվել իրավական պետություն դառնալու ուղղությամբ: Մեր հավատի եւ ուժի ներքո, կուտակած փորձի պայմաններում` մեզ ընդդեմ ոչինչ չի դիմանա»,-նշեց Հանրապետության Նախագահը: Նրա խոսքով` շատ բան կա փոխելու, բայց հարցերի լուծման առաջին պայմանը կամքն է եւ հավատը սեփական ուժերի հանդեպ:

«Կարիք չկա միմյանց համոզելու, որ մեր երկիրը լավն է: Ունենք բազմաթիվ խնդիրներ, չլուծված հարցեր, բայց նաեւ ունենք հրաշալի երկիր եւ հանճարեղ ժողովուրդ, որը ցանկություն ունի ունենալու ավելի լավ Հայաստան»,- ավելացրեց Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին