Լուրեր
ԼՂ խնդրի կարգավորման դետալների շուրջ համաձայնությունը քաղաքական կամք է պահանջում
07.04.2012
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների շնորհիվ արդեն ձեւավորված է բանակցային հարթակը եւ հայեցակարգային բոլոր հարցերը հստակեցված են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Gazeta.ru-ին տված հարցազրույցում` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայսատան եւ Ադրբեջան կատարած այցերին եւ դրա շրջանակներում ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդրի արծարծմանը: «Ներկայում անհրաժեշտ է համաձայնության գալ փաստաթղթի դետալների շուրջ, որի համար անհրաժեշտ է քաղաքական կամք»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը` դիրքորոշումների մոտեցման հարցում արտահայտելով հայկական կողմի պատրաստակամությունը:
Հարցին` արդյոք մայիսին Հայսատանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրանց արդյուքները կարող են ազդել ՀՀ արտաքին քաղաքականության, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի դիրքորոշման վրա, վարչապետը պատասխանել է. «Հարցն այն է, թե ինչպես կանցնեն ընտրությունները, եւ ինչպիսին կլինեն արդյունքները: Հույս ունենք, որ մեր կուսակցությունը կկարողանա ամրապնդել այն դիրքերը, որ այսօր ունի, եւ կշարունակի զարգացումները, որով մեր երկիրն ընթանում է վերջին տարիներին` եւ միջազգային համագործակցության տեսանկյունից, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»:
Gazeta.ru-ի այն հարցին, թե փորձագետներն ավելի հաճախ են սկսում խոսել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խստացված դիրքորոշման եւ այս աշնանը պատերազմի հնարավոր վերսկսման մասին, Սարգսյանը պատասխանել է, որ 1994 թ-ից, ինչ հրադադար է սահմանվել, նմանատիպ կանխատեսումներ շատ են եղել: «Բայց եթե ցանկանում ես ապրել խաղաղության մեջ, ուրեմն պատրաստվիր պատերազմի: Այդ իսկ պատճառով, մենք հաշվի ենք առնում այս վտանգները եւ ուժեղացնում մեր երկրի պաշտպանությունը: Սա հանդիսանում է հիմնական երաշխիքը նրա, որ պատերազմ չի լինի»,-վստահություն է հայտնել Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը: