Լուրեր

ՀՀ վարչապետն առաջարկում է Եվրասիական Մաքսային միության շրջանակներում Հայաստանին տալ հատուկ կարգավիճակ

07.04.2012

Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը և հետաքրքրված է ԵվրԱզԵՍ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Gazeta.ru լրատվամիջոցին տված հարցազրույցում: «Հարցը նրանում է` ինչ կերպ պետք է տեղի ունենան այդ գործընթացները: Օրինակ, այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը շահագրգռված են որքան հնարավոր է շուտ անդամագրվելու Մաքսային միությանը, սակայն Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն ասում են, որ նրանք պատրաստ չեն դրան: Այդ երկրները պետք է անցնեն որոշակի ճանապարհ` անցկացնեն անհրաժեշտ բարեփոխումներ, ընդունեն փաստաթղթեր, ստեղծեն համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն մաքսային գոտու միասնականությունը: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այն ունի իր խնդիրները` կապված Մաքսային միության հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ համաշխարհային պրակտիկայում չկա մի օրինակ, երբ երկիրն անդամակցի մաքսային միությանը` չունենալով նրա անդամ պետությունների հետ ընդհանուր սահման: «Հակառակ պարագայում նման միությանն անդամակցելու շարժառիթները բացակայում են, քանի որ դա նշանակում է, որ ապրանք արտադրողները, երբ արտահանեն կամ ներմուծեն ապրանքներ, ստիպված կլինեն երրորդ երկրում անցնել մաքսազերծման գործընթաց: Արդյունքում դուք շահույթի փոխարեն կունենաք կորուստ: Դուք չեք ստանա ապրանքների տեղաշարժման ազատություն, սակայն միաժամանակ ստիպված պետք է լինեք համաձայնեցնել մաքսային սակագները Մաքսային միության մյուս անդամների հետ»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը Ռուսաստանի իր գործընկերներին առաջարկել է մեր երկրի և Եվրասիական Մաքսային միության միջև մշակել փոխհարաբերությունների այլ պլատֆորմ` Հայաստանին տալով հատուկ կարգավիճակ: «Առկա է հեռավոր վայրերի փորձը: Նրանք ստանում են համապատասխան սուբսիդավորում, օգնություն, դոտացիաներ, եթե ինտեգրվում են տնտեսական համապատասխան տարածությանը: Ինտեգրման համար անհրաժեշտ է ստեղծել տնտեսական շարժառիթներ»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի այս առաջարկն արժանացել է Ռուսաստանի ուշադրությանը: «Մենք մեր ռուս գործընկերների հետ գտնվում ենք ուղիղ երկխոսության մեջ, մեր աշխատանքային խմբերը քննարկում են այդ հարցերը: Մենք ուսումնասիրում ենք համաշխարհային փորձը, առաջարկում ենք մեր մոտեցումները: Կա բացարձակ պարզ ճշմարտություն: Մաքսային միության ստեղծման շուրջ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի քայլերն արդեն ցույց են տալիս այդ գործընթացի առավելությունները: Մեր գործընկերները մի շարք ապրանքատեսակների շուրջ հաշվարկել են հնարավոր արդյունքները, որոնք կստանան միասնական տնտեսական տարածքի ստեղծման ժամանակ: Ամեն ինչ անհրաժեշտ է մանրամասն հաշվարկել»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով հարցին, ըստ որի` Հայաստանը միաժամանակ խոսում է Եվրոպական Միությանն ինտեգրվելու մասին, արդյոք այդ երկու գործընթացներում չկան հակասություններ, վարչապետը նշել է. «Մենք վստահ ենք, որ ոչ: Ռուսաստանը ևս, չնայած նրան, որ ստեղծել է Մաքսային միությունը, միաժամանակ շարունակել է աշխատել Առևտրի համաշախարհային կազմակերպությանն անդամակցելու շուրջ և այդ գործընթացները դիտարկել է ոչ թե իրար բացառող, այլ իրար լրացնող դիտանկույններից: Մենք ևս հարցին այդպես ենք մոտենում, Հայաստանը շահագրգռված է իր շուկաների ընդլայնմամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` չնայած Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, դա չի խանգարում նրան ԱՊՀ-ի շրջանակներում վավերացնել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայանգիրը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ հենց այդ տեսանկյունից էլ Հայաստանը ցանկանում է ԵՄ-ի ազատ տնտեսական գոտի ստեղծել, ինչը լուրջ թափ կհաղորդի երկրի տնտեսության զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին