Լուրեր

Երևանի քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց և մայրերին

07.04.2012

Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաև կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու և տոկունության համար. <<Դուք պետք է հպարտ լինեք, քանի որ հերոսներ եք ծնել: Ձեր որդիների և ամուսինների շնորհիվ է, որ այսօր մենք պետություն ենք կառուցում, իրագործում ենք մեր գաղափարները>>,- նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ ազատամարտիկների կանայք և մայրերը միշտ եղել և մնալու են քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում. <<Միասին մենք դեռ երկար ճանապարհ ենք անցնելու>>,-ընդգծել է քաղաքապետը:
Արցախյան պատերազմի մասնակից կանանց ՀԿ նախագահը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության և մշտական ուշադրության համար:
Զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն ՀԿ-ը և Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիան Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանքիների հանդեպ ցուցաբերած մշտական բացառիկ ուշադրության, հարգանքի և հոգատարության համար Երևանի քաղաքապետին պարգևատրել են պատվոգրով:

← Վերադառնալ ցուցակին