Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

07.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Ախուրյան համայնքում ծանոթացավ 3 բազմաբնակարան շենքերից բաղկացած բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համալիրն ընդհանուր առմամբ ներառելու է 108 բնակարան:
Կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի` Շիրակի մարզի բարեկարգման պատասխանատու Մեքայել Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն 2013 թ-ի առաջին եռամսյակում: «Բնակարանները նախատեսված են 9 բալ սեյսմակայունության համար: Շենքերի հարակից տարածքները կբարեկարգվեն, կներդրվի լուսավորության համակարգ, իսկ հարակից տարածքը կկանաչապատվի»,-ասաց Միքայել Ներսիսյանը:
Համալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011 թ-ի մայիսին: Սկզբնական փուլում նախատեսվում էր կառուցել 3 շենք 104 բնակարանով, այնուհետեւ թիվը հասցվեց 108-ի: Ներկայում կատարվում են շենքի երկաթ-բետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները: Նկուղային հարկերի ծածկն ամբողջությամբ ավարտված է, առաջին հարկի բետոնացման, արտաքին պատերի շարման եւ մասամբ միջնորմերի կառուցման աշխատանքները նույնպես ավարտված են: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.8 մլրդ դրամ:
Ներկայում աշխատանքներում ներգրավված են շուրջ 200 մասնագետ եւ մոտ 15 տեղական մատակարար կազմակերպություն:
Ախուրյան համայնքում երկրի ղեկավարը շփվեց ժողովրդի հետ, լսեց նրանց կարծիքներն ու համայնքում առկա խնդիրների մասին մտահոգությունները:
 

← Վերադառնալ ցուցակին