Լուրեր

Չեխիան պաշտպանում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը

06.04.2012

 Չեխիայի Հանրապետությունը պաշտպանում է միջազգային բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով SalamNews-ը, այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պաշտոնական ճաշի ընթացքում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական դժվար իրավիճակում գտնվող տարածաշրջանը զարգանա խաղաղության և կայունության մեջ և իրավիճակը երկար տարիներ լարվածության մեջ պահող հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Չեխիան մշտապես պաշպանել է և կշարունակի պաշտպանել միջազգային այն բոլոր միջոցառումները, որոնք ուղղված կլինեն այս նպատակի իրականացմանը»,- ասել է Չեխիայի նախագահը:
Չեխիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է Պրահայում:
Ադրբեջանի նախագահի այցի դեմ բողոքի ակցիա են անցկացրել չեխահայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները` «Ալիևը` բռնակալ է», «Ժողովրդավարությունը նավթից թանկ է», «Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է» և նման այլ կարգախոսներով պաստառներով:

← Վերադառնալ ցուցակին