Լուրեր

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին

03.04.2012

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Ողջունելով ԲՀ վարչապետի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու, օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: ԱԺ նախագահի խոսքով` թեեւ վերջին շրջանում համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել, Հայաստանը պատրաստ է քննարկելու առկա բոլոր հարցերը եւ փոխըմբռնման մթնոլորտում ու փոխշահավետ հիմունքներով առաջ մղել քաղաքական երկկողմ երկխոսությունն ու տարբեր բնագավառներում գործակցությունը: Նա գոհունակությամբ նշեց, որ երկու խորհրդարաններում ձեւավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր: Այժմ խնդիր կա աշխուժացնելու գործակցությունը նաեւ այս ձեւաչափով:

Երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, փոխայցելությունների կազմակերպումը: ԱԺ նախագահն ընդգծեց ջանքերի ակտիվացման կարեւորությունը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ` նշելով խորհրդարանների պատրաստակամությունը սատարելու գործադիր մարմինների նախաձեռնություններին:

ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունի ԵՄ-ին վերջերս անդամակցած երկրների եվրաինտեգրման փորձի ուսումնասիրումը եւ ԵՄ շրջանակներում վերջիններիս աջակցությունը Հայաստանին:

Պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց բուլղարահայության մշակութային ժառանգության ու պատմամշակութային հուշարձանների հանդեպ Բուլղարիայի իշխանությունների ցուցաբերած հոգատարության առնչությամբ:

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը եւս անդրադարձավ հայ-բուլղարական դարավոր բարեկամությանը եւ հատկապես կարեւորեց բուլղարահայ համայնքի դերը թե իրեց երկրի կյանքում, թե Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Նա հատկապես կարեւորեց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացումը, որտեղ առկա ներուժը ներկայումս բավարար մակարդակով չի իրացվում: Այս առումով ԲՀ վարչապետն ընդգծեց վիզաների տրման դյուրացման անհրաժեշտությունը, որը կխթանի գործարարության, զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացմանը:

Նա կոչ արեց երկու երկրների խորհրդարանականներին ավելի աշխուժացնել փոխադարձ շփումները` նպաստելով հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին խոսեցին նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սոֆիայի համալսարանի ռեկտոր Իվան Իլչեւը, ԲՀ խոհրդարանում մեծամասնություն կազմող ԳԵՌԲ կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Կրասիմիր Վելչեւը: Վերջինս փոխանցելով իրենց խոհրդարանի ղեկավարի ողջույնը հայ գործընկերներին, նրա անունից ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց այցելել Բուլղարիա:

← Վերադառնալ ցուցակին