Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
03.04.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության նախագահը և ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ և ՌԴ միջև քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առևտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում են բարեկամ երկու ժողովուրդների և պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերության և ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին, որոնք տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջև պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով:
Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաև ս.թ. օգոստոսին լրացող Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով և նշել, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ: