Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

03.04.2012

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, պարոն Նիկոյանը խորհրդանշական համարեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի օրը: ԱԺ նախագահի խոսքով` ՀՀ եւ ՌԴ միջեւ գործընկերային եւ ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ու եղբայրության վրա, իրենց անմիջական արտահայտությունն են գտնում միջխորհրդարանական հարաբերություններում, որոնց թե Հայաստանում, թե Ռուսաստանում մեծ կարեւորություն է տրվում:

Պարոն Նիկոյանն ընդգծեց ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը` նշելով, որ հաջողվել է ապահովել ոչ միայն աշխատանքների հետեւողականություն, այլ նաեւ զգալի արդյունավետություն` նպաստելով հումանիտար, մշակութային, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում երկկողմ գործակցության խորացմանը: Հանձնաժողովը մեծ դեր է խաղացել նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի հաստատմանը: Կողմերը վստահություն հայտնեցին, որ հետագայում եւս հանձնաժողովը կշարունակի ու ավելի կաշխուժացնի իր հետեւողական գործունեությունը:

ՀՀ խորհրդարանի նախագահը գոհունակություն արտահայտեց միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցության առնչությամբ: Նրա խոսքով` հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ եւ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովների գործունեությանը եւ ակտիվորեն իր մասնակցությունն է բերում այդ շրջանակներում տարվող աշխատանքներում: Պարոն Նիկոյանը կարեւորեց համագործակցությունը նաեւ Միջխորհրդարանական միության, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովներում` նշելով, որ դեռեւս մեծ ներուժ եւ նոր ուղղություններ կան այդ կառույցներում փոխգործակցությունը խորացնելու, աշխատանքներն առավել համակարգված դարձնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ ՌԴ արտգործնախարարի ներկա այցը նոր լիցք կհաղորդի հայ-ռուսական կապերին, այդ թվում` միջխորհրդարանական համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՌԴ արտգործնախարարը նշեց, որ այս տարի լրանում է նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին ՀՀ եւ ՌԴ միջեւ ստորագրված պայմանագրի 15-ամյակը: Նա գոհունակություն հայտնեց, որ այս հոբելյանները նշվում են կոնկրետ գործերով` նկատելով, որ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում առաջընթաց է արձանագրվում: Աճել են երկկողմ ապրանքաշրջանառությունը, ներդրումների ծավալը, համատեղ իրականացվող ծրագրերի քանակը, այդ թվում` միջուկային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար, մշակութային եւ այլ բնագավառներում: ՌԴ ԱԳ նախարարը համագործակցության կայացման եւ հետագա ընդլայնման գործում մեծապես կաեւորեց միջխորհրդարանական համատեղ աշխատանքը, որի շնորհիվ ամրապնդվում է ինտեգրացիոն գործընթացների օրենսդրական հիմքն ինչպես անվտանգության ապահովման, այնպես էլ տնտեսական ու հումանիտար ոլորտներում: Նա բարձր գնահատեց այն ներդրումը, որ ՀՀ եւ ՌԴ խորհրդարանական պատվիրակություններն ունենում են միջազգային համապատասխան կառույցներում, միաժամանակ կիսելով ՀՀ ԱԺ նախագահի այն տեսակետը, որ այդ ուղղությամբ համագործակցությունը դեռ զգալի ներուժ եւ առավել սերտացման կարիք ունի: ՌԴ արտգործնախարարը կարեւորեց ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության ամրապնդումը:

Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանում կայացած ընտրություններին հայ խորհրդարանականների` որպես դիտորդ մասնակցության համար, Սերգեյ Լավրովը հաջողություն մաղթեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ ռուսական կողմն ակտիվ ընդգրկվածություն է ունենալու տարբեր դիտորդական առաքելություններում: Նա կարեւորեց ամենատարբեր մակարդակներով հաճախակի կազմակերպվող երկկողմ այցելությունները, որոնց ընթացքում ծնվում են նաեւ նոր նախաձեռնություններ, փոխգործակցության նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, դրանում Մինսկի խմբի դերակատարությանը, երկկողմ եւ տարածաշրջանային այլ խնդիրների:

← Վերադառնալ ցուցակին