Լուրեր
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուին
03.04.2012
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 3-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ:
Երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ ժողովուրդների բարձր մակարդակի հարաբերությունները` կողմերը համոզմունք հայտնեցին, որ հետայսու տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերն ու փոխգործակցությունը երկու երկրների միջեւ էլ ավելի կամրապնդվեն:
Տիկին Վասիլիկի Դիկոպուլուն արձանագրեց, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը եվրաինտեգրման ուղղությամբ մեծ քայլեր է արել: Նա նշեց, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանին ԵՄ տարբեր կառույցների հետ հարաբերությունները էլ ավելի ակտիվացնելու համար:
Հյուրի խնդրանքով անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` պարոն Շարմազանովը մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական, իսկ հասարակությունը վստահի ու հավատա բարեփոխումներին»:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ղարաբաղյան ու կիպրական հիմնախնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հունաստանի տնտեսական ճգնաժամին ու դրա հաղթահարման ուղիներին, հայկական ու հունական համայնքների կենսական խնդիրներին ու փոխադարձ ինտեգրմանը: