Լուրեր

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը

03.04.2012

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, այսօր մենք պատիվ ունենք ընդունելու Բուլղարիայի վարչապետին և պաշտոնական պատվիրակությանը: Համոզված ենք, որ այս այցելությունը նոր էջ է բացելու մեր երկու պետությունների միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական հարաբերությունների առումով: Մենք ունենք համագործակցության դարավոր պատմություն, խոր արմատներ, բայց այսօր վարչապետի հետ արձանագրեցինք, որ, ցավոք, տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, և ուրեմն անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել այդ հարաբերություններին: Դրա համար մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունը պատվիրակություն կձևավորի և կգործուղի Բուլղարիա` պատվիրակութան մեջ ներառելով բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի մենք կարողանանք ստեղծել նոր հնարավորություններ տնտեսական հարաբերությունների ամրապնդման առումով: Կարծում ենք, որ կա մեծ ներուժ այդ հարաբերությունների մեջ, և մենք պարտավոր ենք նոր էջ բացել մեր պատմության մեջ:


Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսով - Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին ջերմ ընդունելության համար: Հայաստանի վարչապետի հետ առանձնազրույցի ժամանակ մենք ընդգծել ենք, որ գոյություն ունեն հիանալի հարաբերություններ մեր երկու երկրների միջև, որոնց արմատները գալիս խորքից: Մշակութային ոլորտում մեր հարաբերությունները հիանալի են զարգանում, ինչը չի կարելի ասել մեր երկրների տնտեսական հարաբերությունների մասին: Մենք պետք է պրագմատիկ քայլեր կատարենք տնտեսական ոլորտում խնդիրների լուծման համար, որպեսզի արձանագրենք հաջողություններ:
Մեր համալսարանների միջև գոյություն ունեն լավ և խորը հարաբերություններ: Ինչպես երկու համալսարանների միջև հուշագրի ստորագրման ժամանակ նշեց Սոֆիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվան Իլչևը՝ երկար տարիներ է ինչ համալսարանում գործում է հայագիտության կենտրոն և համալսարանական տպագրատանը բուլղարերեն լեզվով տպագրվել է Հայաստանի պատմության մասին գիրք: Չնայած նրան, որ այս մասնագիտությունը Սոֆիայի համալսարանում ֆինանսական առումով ծախսատար է համարվում, ես գտնում եմ, որ այն ներդրում է հանդիսանում մեր ապագա հարաբերությունների և կապերի զարգացման գործում:
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը Սև ծովի միջոցով համարվում է Բուլղարիայի հարևանը: Բացի այդ, Հայաստանի իշխող կուսակցությունը հանդիսանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության ասոցիացված անդամ, ինչը մեծ նշանակություն ունի եվրաինտեգրման և այդ գործընթացների զարգացման համար:
Ես մեկ անգամ նշեմ, որ անհրաժեշտ է պրագմատիկորեն վերաբերվել մեր երկրների միջև ծրագրային հարաբերություններին: Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո մենք պատրաստ ենք ընդունել հայկական կառավարական պատվիրակությանը և այդ այցի ընթացքում Բուլղարիայում կազմակերպել բիզնես ֆորում՝ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Վստահ եմ, որ Բուլղարիան Հայաստանի համար հանդիսանում է դեպի Եվրոպա կամուրջ:
Ցանկանում եմ ընդգծել մեր պատվիրակության մեծ տպավորությունները՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո: Մենք ծառ ենք տնկել հուշահամալիրում, նաև ջրել այն ծառը, որը տնկվել էր Բուլղարիայի նախագահի կողմից:


«Հանրային հեռուստատեսություն» – Պարոն վարչապետ, տարեկան առևտրաշրջանառությունը 60 մլն է կազմում, և նշվում է, որ համահունչ չէ տնտեսական հարաբերություններին, որ ունենք: Ո՞ր ոլորտներում եք տեսնում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Այսօր մենք Բուլղարիայի վարչապետի հետ քննարկեցինք այդ հարցը, թե կոնկրետ ինչ ոլորտներում ենք ներուժ տեսնում, որ կարող ենք այսօր իրացնել: Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է էապես ավելացնենք շփումները մեր քաղաքացիների միջև, որոնք կկարողանան բացահայտել տնտեսական հետաքրքրությունները և առաջին հերթին պետք է սկսենք տուրիզմի զարգացումից:
Երկրորդ ոլորտը, որ մենք քննարկում ենք, դեղագործությունն է, քանի որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում դեղագործությունը բավական մեծ թափով զարգանում է, ինչպես նաև Բուլղարիայում այդ ոլորտը նույնպես զարգանում է:
Երրորդ ուղղությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ Հայաստանում կա մեծ ներուժ, այդ թվում նաև արտահանման մեծ պոտենցիալ և այն, ինչ որ մենք պայմանավորվեցինք, որ բիզնես ֆորում կարելի է կազմակերպել Բուլղարիայում, ինչը հնարավորություն կտա բացահայտել կոնկրետ համագործակցության ոլորտները և ճյուղերը:

Հարցս ուղղում եմ երկու երկրների վարչապետերին: Ինչպե՞ս են զարգանում երկկողմ հարաբերությունները միջազգային կառույցների շրջանակներում: Արդյոք առկա՞ է միասնական դիրքորոշում:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսով - Մենք արդեն ընդգծել ենք, որ մեր երկրների միջև գոյություն ունի լավ համագործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Մեր կուսակցությունը հանդիսանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, իսկ Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ասոցիացված անդամ: Մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպություններում՝ ի նպաստ Հայաստանի եվրաինտեգրմանը: Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ, որտեղ առկա է մեծ հայկական համայնք: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված ինչպես Դամասկոսում, այնպես էլ Բեյրութում գոյություն ունի մեծ լարվածություն: Մեր դիքորոշումը հայտնի է, այն համապատասխանում է Եվրոպական Միության դիքորոշմանը: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ռեժիմը շարունակի Սիրիայում խաղաղ բնակչության սպանությունները: Արաբական երկրներում, արաբական աշխարհում առկա է մեծ հայ համայնք: Լրջորեն մտահոգված ենք այդ բնակչության հետագայով, ինչպես Լիբանանում, այնպես էլ Սիրիայում: Հայաստանից դուրս ապրում են 10 մլն հայեր, ինչը երեք անգամ գերազանցում է Հայաստանի բնակչության թվաքականակին: Այդ մարդկանց միջոցով էլ տեսնում ենք Հայաստանի տնտեսությանն աջակցելու հնարավորությունը:
Բուլղարիայում ևս առկա է մեծ հայ համայնք և մենք կարող ենք ընդգծել, որ նրանք բացառապես հաջողակ մարդիկ են, առաջատար բանկիներ, գործարարներ, մշակույթի գործիչներ: Այնպես որ, գտնում ենք, որ ամեն դեպքում պետք է աջակցություն ցուցաբերենք երկրին՝ արտերկրում ապրող հայերի հետաքրքրությունների շրջանակներում: Ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր մտահոգությունը հայտնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Ցանկանում եմ ավելացնել, որ մեզ համար կարևոր նշանակություն ունի Բոլղարիայի փորձի ուսումնասիրումը եվրաինտրման գործընթացներում: Մենք շնորհակալ ենք Բուլղարիայի կառավարությանը, վարչապետին՝ այս հարցում մեզ օժանադկություն ցուցաբերելու համար: Բազմաթիվ բարեփոխումներ, որոնք իրականություն են դարձել Բուլղարիայում այդ ինտերգարցիոն գործընթացների ժամանակ, մեզ համար շատ կարևոր են և հետաքրքիր: Իհարկե, Բուլղարիայի փորձը կօգնի մեզ Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ այդ փորձից օգտվելու առաջարկության համար:

Հարց Բուլղարիայի վարչապետին - Տնտեսության ոլորտում ի՞նչ կոնկրետ հարցեր են քննարկվել ձեր հանդիպման ընթացքում: Արդյոք խոսքը գնացել է վիզային ռեժիմի մասին, որ գոյություն ունի մեր երկրների միջև և այն մասին, որ չկա ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն Բուլղարիայի և Հայաստանի միջև:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսով – Իսկապես խոսքը նաև վիզային ռեժիմի մասին է եղել, որն անհրաժեշտ է ինչ-որ կերպ կարգավորել: Մենք Եվրոպական միության անդամ երկիր ենք, և այդ համատեքստում պետք է մտածել վիզային ռեժիմի դյուրացման մասին: Դա կդառնա մեր երկու երկրների միջև գործարար հարաբերությունների զարգացման լավ խթան: Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվեցին վիզաների տրամադրման ավելի ճկուն ռեժիմի ներդրման համար: Մենք աուտսորսինգ-ի հիման վրա տրամադրեցինք այդ ծառայությունների մատուցման իրավունք: Տրանսպորտային հաղորդակցության առումով մենք պետք է զարգացնենք մեր կապերը: Ճիշտ կլիներ մտածել կոմբինացված ավիափոխադրումների մասին լրացուցիչ երկրորդ նշանակման կետի օգտագործմամբ, քանի որ դա, ըստ երևույթին, շահավետ ավիաչվերթ է Սոֆիայից Երևան և Երևանից Ռուսաստան: Կարելի է մտածել նաև նման ավիաուղղության ստեղծման մասին` հարևան պետությունների մայրաքաղաքներից մեկում ժամանակավոր կանգ առնելու հնարավորությամբ: Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո մենք պատրաստ ենք անհապաղ համապատասխան քայլեր ձեռնարկել հանդիպումներ անցկացնել մեր հայաստանյան գործընկերների հետ, որովհետև ինչպես Հայաստանը և Բուլղարիան ճանապարհ են հանդիսանում Արևելքից Եվրոպա տեղաշարժվելու համար, այնպես էլ մենք դռներ ենք բացում Եվրոպայի համար դեպի կովկասյան տարածաշրջան և Արևելք:
Զբոսաշրջության ոլորտում կցանկանայինք զարգացնել լրացուցիչ հնարավորություններ, որոնք գոյություն ունեն մեր երկրներում: Մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մշակութային զբոսաշրջության զարգացման համար և կկարողանայինք, որ նման տուրերը, որոնցում ներառված են Բուլղարիայում, Հայաստանում, Վրաստանում, Ստամբուլում գոյություն ունեցող տարբեր մշակութային տեսարժան վայրերը, կշահագրգռեն զբոսաշրջիկներին, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն պատմության հանդեպ: Մենք կարծում ենք, որ մեր երկրները կկարողանային տրամադրել նման հետաքրքիր հնարավորություններ:

 

← Վերադառնալ ցուցակին