Լուրեր
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը
02.04.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հաշվառման-քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ ստորաբաժանում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր արդիականացված ծառայություններով և քննական ավտոդրոմով քաղաքացիներին կսպասարկի ս.թ. ապրիլի 3-ից:
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորակառույց շենքում, ծանոթացել տրանսպորտային միջոցների զննության կայանի աշխատանքին, հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման և տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին, դիտել քննական ավտոդրոմը:
Նախագահին զեկուցվել է, որ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման պարզեցված նոր ընթացակարգերի գործարկմամբ զգալիորեն կկրճատվի այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակը: Մասնավորապես, հաշվառման և գրանցման համար ներկայիս 1-2 ժամվա փոխարեն այն կտևի 30-35 րոպե: Արդյունքում՝ էապես կնվազեն նաև առաջացող հերթերը, կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Վերոնշյալ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ՝ ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին: