Լուրեր
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը համալրել են 500 երիտասարդներ
02.04.2012
Ապրիլի 2-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեցին ՀՀԿ հիմնադրման 22-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ 500 երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին կուսակցական անդամատոմսեր են հանձնել ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը: ՀՀԿ գործադիր մարմնի երիտասարդ անդամները ողջունեցին ներկաներին` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով այն հանգամանքը, որ անդամատոմսերը հանձնում են կուսակցության երիտասարդ քաղաքական գործիչները:
Շնորհավորելով ՀՀԿ-ի հիմնադրման տարեդարձի և կուսակցության շարքերը համալրելու կապակցությամբ` վարչապետը նշել է. «Միասին մենք կկարողանանք ամրապնդել մեր պետությունը` մեր ծրագրերում ընդգրկված սկզբունքների հիման վրա: Դուք անդամագրվել եք մի կուսակցության, որն ունի խոր արմատներ, որոնք իրենց մեջ արտացոլում են մեր ազգային պահպանողական գաղափարախոսությունը: Համոզված եմ, որ դուք ճիշտ որոշում եք կայացրել: Մենք ձեզ հետ միասին անցնելու ենք հաղթանակների և երկրի զարգացման ճանապարհ»:
ՀՀԿ հիմնադրման 22-ամյակի առթիվ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերն այս շաբաթ համալրվելու են շուրջ 1200 երիտասարդներով: