Լուրեր

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 22 տարին

02.04.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոն Ուխտերի եւ 1967-1987թթ. խորհրդային ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները:
ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988թ. Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված Անկախության Բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ ստեղծման համար:
Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:
Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր, ում մահվանից հետո մինչեւ 2007թ. մարտ ամիսը կուսակցությունը ղեկավարում էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը:
1998թ. հուլիսին ՀՀԿ-ն և Երկրապահ կամավորականների միությունը համատեղ հայտարարությամբ սկիզբ դրեցին ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը:
1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո աճեց ՀՀԿ դերակատարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: ՀՀԿ-ն առաջին անգամ հնարավորություն ստացավ մասնակցելու կառավարության ձեւավորմանը: Վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների արդյունքում 2000թ. մայիսին ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Նրա վարչապետության տարիներին էական աշխատանք տարվեց ազգային գաղափարախոսության կշիռը հասարակական-քաղաքական եւ պետական կյանքում մեծացնելու ուղղությամբ:
2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը: Անդրանիկ Մարգարյանը շարունակեց ղեկավարել ՀՀ կառավարությունը:
2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։
2007թ. մարտի 25-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ նախագահի պարտականությունները:
2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվեց կառավարություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
2007թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 11-րդ համագումարը, որի ընթացքում կատարվեցին կանոնադրական որոշակի փոփոխություններ: Որպես կուսակցության մշտական գործող ղեկավար մարմին ընտրվեց ՀՀԿ գործադիր մարմինը, որպես կուսակցության ներկայացուցչական մարմին՝ ՀՀԿ խորհուրդը: ՀՀԿ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:
2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ: Ձևավորվեց ՀՀ կառավարություն` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
2008թ. սեպտեմբերին, Տիգրան Թորոսյանի հրաժարականից հետո, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ:
2009թ. նոյեմբերին տեղի ունեցավ ՀՀԿ 12-րդ համագումարը, որում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
2011թ. նոյեմբերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը:
2012թ. մարտին տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը, որում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերստին ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
Այսպիսով, լայնորեն ներգրավված լինելով պետական կառավարման համակարգում ու տեղական ինքնակառավարման մարմիններում` ՀՀԿ-ն շարունակում է Հայաստանի քաղաքական դաշտում մնալ իբրեւ նպատակ, գաղափարախոսություն եւ կենսագրություն ունեցող ազդեցիկ ուժ: 

← Վերադառնալ ցուցակին