Լուրեր

Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է

28.03.2012

 Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 62-ամյակի կապակցությամբ այսօր Երևանի Դավիթաշեն համայնքում գտնվող Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ: Միջոցառումից հետո հանդիսավորությամբ բացվեց <Աշոտ Նավասարդյանի> անվան տուն-թանգարանը, որտեղ այսուհետ կարելի է գտնել նրա կենսագրությանն ու գործունեությանն առնչվող բազմաթիվ նյութեր:
Դպրոցի ուսուցիչների ու աշակերտների հետ այս իրադարձությունը նշելու էին եկել նաև ՀՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, անհատ քաղաքացիներ և այլն:
Հիշեցնենք, որ ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը 18 տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ: 1968թ.-ից անդամագրվել է ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973թ.-ից եղել է ԱՄԿ խորհրդի անդամ։ Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը` իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ, նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ եւ հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։ Այդ գործունեության համար 1969թ. սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում և ճամբարներում։ 1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը և 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։ 1989-ին հիմնադրել եւ ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրության համար մղված մարտերին‘ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն:
Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։
1990-ին, ընտրվելով ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին։ Եղել է ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։
1995թ.-ից Ազգային Ժողովի պատգամավոր էր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։
1996 թ. Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին և ստացել ռազմավարի որակավորում։ Ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թ. նոյեմբերի 3-ին 47 տարեկան հասակում։

← Վերադառնալ ցուցակին