Լուրեր

ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում Հայաստանի և Սինգապուրի միջև կստորագրվեն փաստաթղթեր

27.03.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն: Երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում սա առաջին պետական այցն է: Նախագահ Սարգսյանին ուղեկցելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Մարտի 28-ին Իստանայում տեղի կունենա Նախագահ Սարգսյանի պաշտոնական դիմավորման արարողությունը, ում կդիմավորի Սինպագուրի նախագահ Թոնի Թան Կենգ Յամը: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի և Սինգապուրի վարչապետ Լի Հսյեն Լունգի երկկողմ հանդիպումը:
Նախագահ Սարգսյանի և վարչապետ Լիի ներկայությամբ կստորագրվեն Մշակույթի ոլորտում համագործակցության և փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար երկկողմանիորեն վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր:
Մարտի 28-ի երեկոյան, ի պատիվ ՀՀ Նախագահի, Սինգապուրի նախագահ Թանի անունից կտրվի պաշտոնական ճաշ:
Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի նաև Սինգապուրի գործարար ֆեդերացիայի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին:
Հայաստանի Նախագահը կայցելի նաև դեռևս 1835թ-ին Սինգապուրում կառուցված Գրիգոր Լուսավորչի անունը կրող Հայ առաքելական եկեղեցի, հանդիպում կունենա Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ-ի հուլիսի 1-ին: Մինչ այժմ երկու երկրների միջև գոյություն ունեցող միակ պայմանագիրը Դիվանագիտական հարաբերությունների մասին Համաձայնագիրն է:  

← Վերադառնալ ցուցակին