Լուրեր
Երևանի քաղաքապետարանը կշարունակի աջակցել բարեգործական ծրագրերի իրականացմանը
27.03.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել 1988 թվականի երկրաշարժից հետո Գերմանական Կարմիր Խաչի կողմից Հայաստանում ծավալած գործունեության համար և բարձր է գնահատել բարեգործական բոլոր այն ծրագրերը, որոնք նախաձեռնվել ու իրականացվել են կազմակերպության կողմից` հատկապես հասարակության սոցիալապես խոցելի հատվածի հոգսը թեթևացնելու ուղղությամբ:
«Որպես Երևանի քաղաքապետ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ մենք սոցիալապես անապահով քաղաքացիներ չունենայինք ու նմանատիպ ծրագրերի անհրաժեշտություն էլ չլիներ: Բայց ցավոք ոչ միշտ է, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են և հատկապես այս տեսանկյունից իրապես գնահատելի է Գերմանական Կարմիր Խաչի կողմից նաև մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը» - նշել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի մատնանշելով Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում արդեն երկար տարիներ գործող բարեգործական ճաշարանի օրինակը:
Կառլ-Հայնց Շայդեն իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է կազմակերպության կողմից Երևանում իրականացվող բարեգործական ծրագրերը ու նշել, որ ամեն տարի հոկտեմբերից մինչև ապրիլ ամիսը մայրաքաղաքի սոցիալապես անապահով ավելի քան 300 շահառու ընտանիքներ կարողանում են օգտվել «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» ծրագրերից: Օգտվելով առիթից Կառլ-Հայնց Շայդեն նաև շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` կազմակերպության հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ այսուհետ էլ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի հնարավորին աջակցել բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Panorama.am