Լուրեր

Կոնգրեսական Շերմանը կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի աջակցությունը Ջավախքին

27.03.2012

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը կարեւորել է ԱՄՆ-ի օժանդակությունը Ջավախքին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) 2013 թ-ի ֆինանսական տարվա բյուջեի հարցերով լսումների ընթացքում Շերմանն անդրադարձել է Վրաստանի տարբեր շրջանների ծանր տնտեսական դրությանը: «Վրաստանում, հատկապես Ջավախքի շրջանում, մենք աշխատում ենք հատուկ ծրագրերով, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: Մենք փորձում ենք իրականացնել այս ծրագրերը` խորհրդակցելով ամերիկահայ համայնքի հետ»,- նշել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ռաջիֆ Շահը:
2011 թ-ի սեպտեմբերին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն այցելել է Թբիլիսի եւ Ջավախք եւ մի շարք հանդիպումներ ունեցել տեղի հասարակական կազմակերպությունների առաջնորդների, ինչպես նաեւ Վրաստանի մի շարք պաշտոնյաների հետ` բարձրացնելով Ջավախքի բնակչության մտահոգությունները եւ փորձելով լուծումներ տալ դրանց: Երկոսությունները շարունակվել է 2012 թ-ի հունվարին, երբ Խաչիկյանը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլիի հետ` Ջավախքի հարցերի շուրջ ընդլայնելու Վրաստան-Հայաստան համագործակցությունը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը սերտ համագործակցության մեջ է կոնգրեսական Բրեդ Շերմանի, Ադամ Շիֆի, Ներկայացուցրիչների պալատի այլ անդամների, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) մի շարք ներկայացուցիչների հետ, ովքեր բարձրաձայնում են Ջավախքի խնդիրների մասին:

← Վերադառնալ ցուցակին