Լուրեր
Երեք կարևոր կետ սոցհարցումներում` ՀՀԿ-ի համար
27.03.2012
«Հանրապետական կուսակցությունը կարևորում և կարևորել է սոցիոլոգիական հետազոտությունները, որովհետև դրանց միջոցով փորձ է արվում պարզել հասարակության մեջ տիրող տրամադրությունները այս կամ այլ հարցի վերաբերյալ»,- անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացվող սոցոլոգիական հարցումներին ու ներկայացվող արդյունքներին՝ Panorama.am-ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, գալիք խորհրդարանական ընտրություններին, հանրապետականի շանսերի հետ կապված 3 կարևոր կետ առանձնացրեց:
«Առաջինն այն է, որ 2007-ի այս նույն ժամանակահատվածի համեմատ ներկայումս Հանրապետականի ստարտային պայմանները ավելի լավն են. 2007-ի մարտին հանրապետականի նշաձողը ցածր էր: Հարապետականն իր մոտակա մրցակցից 2007-ի մարտին մինուս 11-տոկոս ավելի ցածր վարկանիշ ուներ, սակայն ճիշտ քարոզարշավի, ինչպես նաև՝ կայուն ընտրազանգվածի արդյունքում, վերջնագիծը հատեց, իր մոտակա մրցակցից պլյուս 17-18 տոկոսով ավելի ձայնով:
Երկրորդ փաստը, որի վրա կցանկանայի կանգ առնել այն է, թե սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծամասնությունը քվեարկության օրը ավելի կարևորում է ազգային հիմնախնդիրների լուծումը: Նման ձևով են մտածում հարցվածների 52-54%-ը: Ազգային հիմնախնդիրների լուծումը՝ Ղարաբաղի հարց, Ցեղասպանության միջազգային ճանաչում, ինչպես նաև պետության միջազգային հեղինակության բարձրացման հետ կապված հարցերը կապվում է բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ»,- ասաց Է. Շարմազանովը:
Նա նշեց, որ այլ կերպ ասած, հասարակության մեծամասնությունը, ընտրության օրը ձայնը տալիս է այն ուժին, որը ոչ թե բարեգործություն է անում կամ ինչ-որ բան բաժանում, այլ նրան, ով կարող է Ղարաբաղի հարցը լուծել կամ վստահություն է ներշնչում ազգային անվտանգության հիմնախնդիրների և ազգային իղձերի իրականացման գործում:
«Եվ երրորդը, այս ամենը հստակ ցույց է տալիս, որ ճիշտ քարոզարշավի արդյունքում իրատեսական է, որ Հանրապետականը միայն համամասնական ընտրակարգով կհավաքի 37-40 տոկոս ձայներ: Այսօր էլ նկատելի է, որ Հանրապետականն է համարվում ընտրական կամպանիայի միակ ֆավորիտը»,- եզրափակեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Panorama.am